Մատչելիության հղումներ

Դեռ հայտնի չէ՝ Պուտինը կմեկնի բանակցությունների, թե ոչ. Թրամփը չի բացառել իր մասնակցությունը


Վլադիմիր Պուտին, Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Պուտին, Վլադիմիր Զելենսկի

Արդեն մի քանի օր է՝ Մոսկվան չի հստակեցնում՝ արդյոք Ռուսաստանի նախագահը մայիսի 15-ին կմեկնի Ստամբուլ՝ ուկրաինացի պաշտոնակցի հետ ուղիղ բանակցելու: Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկ էր արել շաբաթ, Վլադիմիր Զելենսկին այս օրերին քանիցս ասել է՝ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր էլ հստակ բան չի ասել, միայն նշել է՝ ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել Ստամբուլի հանդիպմանը. «Իրականում սա է այն ամենը, ինչ կարող ենք ասել։ Մենք դեռ չենք պատրաստվում որևէ մեկնաբանություն անել: Հենց նախագահը նպատակահարմար համարի, մենք կհայտարարենք դրա մասին»։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Reuters-ին ասել է, որ Զելենսկին կբանակցի միայն Պուտինի հետ, քանզի միայն նա է վերջնական որոշումներ կայացնում:

Ռուսաստանի փոխարտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է լուրջ բանակցություններ վարել, սակայն կասկածում է, որ Կիևը ևս պատրաստ է: Սերգեյ Ռյաբկովը նաև ասել է, որ Ստամբուլում քննարկվելու են հակամարտության կայուն կարգավորման և գետնի վրա իրողությունները, այդ թվում՝ գրավված տարածքները Ռուսաստանին միացնելու հարցը:

«Դեռ վաղաժամ է կանխատեսումներ անել։ Հարցը պետք է ուղղել Կիևի ռեժիմի հովանավորներին և հենց Կիևին. պատրա՞ստ են նրանք բանակցություններ վարել», - ասել է նա:

Ստամբուլում սպասվող ուղիղ բանակցությունները կարող են լավ արդյունք տալ. ԱՄՆ նախագահ

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահն էր հայտարարել, որ Ստամբուլում սպասվող ուղիղ բանակցությունները կարող են լավ արդյունք տալ: Դոնալդ Թրամփը, որն այսօր սկսել է իր շրջայցը Ծոցի երկրներ, նաև չի բացառել իր մասնակցությունն այս հանդիպմանը: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Ստամբուլ կգնան և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի առաջնորդները:

«Կարծում եմ՝ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը կարող է լավ արդյունք ունենալ: Կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, սակայն մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ՝ հինգշաբթի որտեղ կլինեմ», - ասել է Թրամփը:

Զելենսկին ողջունել է Ստամբուլ մեկնելու Թրամփի գաղափարը: Երեկոյան ուղերձում էլ ափսոսանք է հայտնել, որ Մոսկվան դեռ հստակ չի պատասխանել հրադադարի և ուղիղ բանակցելու առաջարկներին և շարունակում է կրակը. «Ռուսական հրետակոծություններն ու հարձակումները շարունակվում են։ Մոսկվան ամբողջ օրը լուռ է եղել ուղիղ հանդիպման առաջարկի մասին։ Շատ տարօրինակ լռություն»։

Այսօր էլ Զելենսկին ասել է, որ ինքը և Թուրքիայի նախագահը մայիսի 15-ին Պուտինին կսպասեն Անկարայում, իսկ եթե Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ գալ Անկարա, ապա իրենք կմեկնեն Ստամբուլ։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս հանդիպումը տեղի ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցելու են 30-օրյա հրադադարի շուրջ:

Քիթ Քելլոգն ու Սթիվ Ուիթքոֆը կմեկնեն Թուրքիա

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ անկախ նրանից ԱՄՆ նախագահն ինչ կորոշի Ստամբուլ գնալու հարցում, նրա հատուկ բանագնացներ Քիթ Քելլոգն ու Սթիվ Ուիթքոֆը կմեկնեն Թուրքիա: Ընդ որում՝ բանագնացները ուղիղ չեն մասնակցի բանակցություններին, այլ միայն կհետևեն դրանց: Քելլոգն իր հերթին Fox News-ին ասել է, որ Թրամփը Ստամբուլ կմեկնի մի դեպքում՝ եթե Պուտինը ևս գնա:

Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին վերջնագիր է ներկայացրել, որպեսզի սկսեն ուղիղ բանակցել: Ըստ նրա՝ Ռուսաստանն իսկապես հետաքրքրված է խնդրի խաղաղ կարգավորմամբ. «Կարծում եմ՝ ռուսներն իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ կնշանակի իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց բերել նույն սենյակ և ցույց տալ, որ խաղաղ կարգավորման այլընտրանքները վատ են բոլորի համար»:

Մոսկվան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել. Կալլաս

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը, սակայն, չի կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է հրադադարով, այլապես կդադարեցներ կրակը: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել. «Նրանք դեռ ռմբակոծում են Ուկրաինան։ Եթե հետաքրքրված լինեին խաղաղությամբ, կարող էին հենց հիմա դադարեցնել կրակը»։

Ու մինչ Ռուսաստանը չի համաձայնում 30-օրյա հրադադարին, ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Կալասի մամուլի խոսնակ Անիտա Հիփերն ասել է՝ դիտարկվում են Ռուսաստանին ճնշելու բոլոր տարբերակները:

Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է անօդաչուներով հարվածել Ուկրաինային, Դոնեցկում կա մեկ զոհ և երկու վիրավոր, ևս երկու վիրավոր՝ Խարկովում: Հարձակման են ենթարկվել նաև Խերսոնը և Զապորոժիեն: Ռուսական կողմը հայտարարել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսներն առաջ են շարժվում Տորեցկ և Պոկրովսկ բնակավայրերի ուղղությամբ: Լուգանսկի՝ ռուսական հսկողության տակ գտնվող հատվածում երկու մարդ է զոհվել ուկրաինական անօդաչուի հարվածից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG