Եվրամիության անդամ երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի։
«Ժամանակը սպառվում է, մենք դեռ 12 ժամ ունենք մինչև օրվա ավարտը, և եթե մինչ այդ հրադադար չհաստատվի, եվրոպական կողմը կսկսի պատրաստվել պատժամիջոցներին», - հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին, բայց մինչ այդ Մոսկվան պետք է համաձայնի երկարաժամկետ հրադադարին։
«Վաղվանից կսպասենք հրադադարի. սա է սեղանին դրված առաջարկը։ Լիակատար և անվերապահ հրադադար՝ երկարաժամկետ, ապահովվելու դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը, որ կարող է խաղաղությունն ավելի մոտեցնել։ Ուկրաինան, գործընկերները սա վաղուց են առաջարկում։ Ամբողջ աշխարհն է խոսում այդ մասին։ Սպասում են Ռուսաստանից հստակ պատասխանին», - երեկ երեկոյան հայտարարում էր Զելենսկին։