Մատչելիության հղումներ

Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Ուկրաինայի նախագահը համաձայն է դեմ առ դեմ բանակցել Ռուսաստանի հետ և մայիսի 15-ին ՌԴ նախագահին անձամբ կսպասի Ստամբուլում, որտեղ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր երկու երկրների միջև ուղիղ բանակցություններ անցկացնել: Իսկ մինչ այդ, Ուկրաինան ակնկալում է, որ Ռուսաստանն այսօրվանից լիակատար և անվերապահ հրադադար կհաստատի, որը բավականաչափ երկար կլինի, որպեսզի կարողանան բանակցել ու է՛լ ավելի մոտենալ խաղաղությանը, երեկոյան ուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին:

«Ես այս հինգշաբթի՝ մայիսի 15-ին, կլինեմ Թուրքիայում և այնտեղ կսպասեմ Պուտինին։ Անձամբ կլինեմ այնտեղ։ Եվ հուսով եմ՝ այս անգամ Պուտինը պատճառներ չի փնտրի, թե ինչու չի կարող ինչ-որ բան անել։ Մենք պատրաստ ենք խոսել, որպեսզի դադարեցնենք պատերազմը., - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Մոսկվայից դեռ չեն արձագանքել Զելենսկիի առաջարկին, իսկ ռուսական զինուժը շարունակել է հրթիռներով ու անօդաչուներով հարվածել Ուկրաինային: Տուժածներ կան Օդեսայում, Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Սումիում մեկ մարդ է սպանվել: Կուրսկում ռուսական զինուժն «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ է արձակել ուկրաինական ուժերի ուղղությամբ, որոնք ավելի վաղ HIMARS հրթիռով հարվածել էին Ռիլսկի շրջանին: Ռուսական զորքը Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժը նույնպես հարվածներ է հասցրել, Կուրսկում երեք վիրավոր կա:

Երեկ ԱՄՆ նախագահն էր Ուկրաինան կոչ արել անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկին, որը թեև չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց պատրաստ է հանդիպել Թուրքիայում՝ արյունահեղությունը դադարեցնելու շուրջ բանակցելու համար։ Թրամփը սոցցանցում գրել էր, թե սկսում է կասկածել, որ Ուկրաինային կհաջողվի գործարք կնքել Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը տոնելով:

«Նրանք առնվազն կկարողանան որոշել, թե արդյոք գործարք հնարավո՞ր է, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչ փուլում է գործընթացը, և կկարողանան գործել համապատասխանաբար», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Այս ֆոնին եվրոպական երկրների արտգործնախարարներն հավաքվել են Լոնդոնում՝ քննարկելու Ուկրաինային աջակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր:

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հանդիպումից առաջ ասել է՝ որպեսզի խաղաղության շուրջ որևէ բանակցություն ընթանա, պետք է հրադադար հաստատվի, սակայն ռուսական զորքը շարունակում է հարվածել:

«Մենք նաև պետք է համոզվենք, որ Ռուսաստանը ցանկանում է դա, բարի կամք դրսևորի՝ նստի և խոսի ուկրաինացիների հետ։ Ինչը չենք տեսնում: Պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի իսկապես խաղաղություն ցանկանա և նստի ու խոսի Ուկրաինայի հետ», - հայտարարել է Կալլասը:

Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի հարցերով հանձնակատարն, իր հերթին, այսօր Բրյուսելում հայտարարել է, որ եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունները պետք է ավելի շատ ինտեգրվեն միմյանց: Ելույթ ունենալով պաշտպանական արդյունաբերության թեմայով ֆորումում՝ Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ այսօր աշխատանքները կսկսի ԵՄ-Ուկրաինա աշխատանքային խումբը, որի նպատակն է նպաստել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրմանը, համատեղ նախագծերի կամ համատեղ գնումների գործընթացների զարգացմանը:

«Պուտինին կանգնեցնելու համար մենք պետք է ավելի շատ արտադրենք, ավելի շատ նորարարություններ մտցնենք, և դա պետք է անենք միասին՝ Եվրամիությունում և Ուկրաինայի հետ», - ասել է Կուբիլիուսը:

Հանձնակատարը նաև նշել է՝ Եվրոպան կարող է սովորել ռազմարդյունաբերության ոլորտում Ուկրաինայի նորարարական լուծումներից: Իսկ ապագայում, երբ Եվրոպան կստանձնի եվրոպական մայրցամաքի պաշտպանության ողջ պատասխանատվությունը, Ուկրաինան կլինի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ամենակարևոր բաղադրիչը, վստահեցրել է նա:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG