Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ վերստին ընդգծելով, որ Թբիլիսին պատրաստ է երկկողմ հարաբերությունները սկսել մաքուր էջից։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ ավելի վաղ էլ է հրապարակային հայտարարություններ արել այդ մասին, սակայն դեռ պատասխան չի ստացել։ «Ավելին, մինչ օրս բարձր մակարդակով որևէ կոնկրետ շփում չի եղել Վրաստանի ու Միացյալ Նահանգների կառավարությունների միջև», - գրել է Վրաստանի վարչապետը՝ պնդելով, թե դա տարակուսանք է առաջացնում Թբիլիսիում, որը մշտապես եղել է «Միացյալ Նահանգների ամենավստահելի գործընկերը բարդ և Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում»։
Վրաստանում անցած տարվա վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ են սահմանել իշխող կուսակցության նկատմամբ՝ զանգվածային ցույցերը ճնշելու և ժողովրդավարությունը սահմանափակող օրենքներ ընդունելու համար։ Այս ամսվա սկզբին էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է օրինագիծ ընդունել, որը կոչ է անում Վաշինգտոնին սառեցնել ռազմավարական համագործակցությունը Վրաստանի հետ, քանի դեռ Թբիլիսին չի կատարել Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունները երկիրը դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ առաջնորդելու ուղղությամբ։ Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի նաև Սենատում և ստորագրվի նախագահ Թրամփի կողմից։