Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը թափ է հավաքում. Էդգար Ղազարյան

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեծ թափ է հավաքում, պնդում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հարցով պատգամավորներին դիմած Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիր գործիչը չի կարծում, թե իրենց նախաձեռնությունը տապալվել է:

«Այստեղ փակուղի չի կարող ուղղակի գոյություն ունենալ: Ես կարծում եմ՝ դա պատգամավորների, ըստ էության, պարտականությունն է, և իրենք չեն կարող որևէ անտրամաբանական, անհիմն բացատրություններով հրաժարվել իրենց պարտականությունները կատարել», - ասաց «Արթուն ենք» շարժման անդամը:

Ընդդիմադիր գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էին պատգամավորներին, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի իմփիչմենթ սկսելու առաջարկով նամակներ՝ 107 պատգամավորներին

«Պատիվ ունեմ» խմբակցությունից արձագանքել էին, թե վարչապետի թեկնածու չունեն, բայց պատրաստ են «Հայաստան» խմբակցության հետ քննարկել հարցը, ավելին՝ կսատարեն նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունից գործընթացն անլուրջ էին որակել: Այդ խմբակցությունից Արթուր Խաչատրյանն այսօր էլ կրկնեց՝ կասկածներ ունեն, որ հեղինակների նպատակը իրենց դաշինքը վարկաբեկելն է: Խորհրդարան նամակներ բերելուց առաջ, ասում է, պետք է իրենց հետ հարցը քննարկեին:

«Իմպիչմենթի դեպքում պետք է 20 հոգի ՔՊ-ից քվեարկի: Այդ նախաձեռնության հեղինակները հասցրե՞լ են այդ 20 հոգուց գոնե երկու հոգու հետ խոսել, կա՞ համաձայնություն: Թե չէ մենք ասենք՝ դուք արեք, այդպես չէ», - ասաց նա:

Էդգար Ղազարյանն այժմ ՔՊ-ականներին հանդիպելու փորձեր է անում, որպեսզի բացատրի, թե ինչու է պետք անվստահություն հայտնել վարչապետին: Իշխանականներից Ղազարյանին գրավոր արձագանքել են միայն Թագուհի Ղազարյանն ու Վահագն Ալեքսանյանը: Շատերն էլ հրապարակային են մերժել Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը: ՔՊ-ական Արման Եղոյանն այսօր անգամ լրագրողներին նախատեց, թե ինչու են այդ թեմայով առհասարակ հարցեր տալիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զարմացած եմ այսպիսի պատասխանից». Ռուբեն Ռուբինյանը չընդունեց Էդգար Ղազարյանին

Էդգար Ղազարյանի պնդմամբ՝ Փաշինյանը ոչ միայն չի կատարում խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը, այլև դրան հակառակ քաղաքականություն է վարում: Երկու ընդդիմադիր խմբակցություններին հորդորում է անհապաղ Փաշինյանի իմպիչմենթի սեփական նախագիծը հեղինակել, իսկ եթե ոչ, առաջարկում է միանալ նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին: Նրանք արդեն հայտարարել են, որ սկսում են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, մայիսի 20-ին վարչապետի թեկնածուի անունն էլ կտան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղազարյանը հայտարարում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին

Նախկին կուսակիցների նախաձեռնությունը Արման Եղոյանը չի շտապում շոու որակել, դեռ պետք է կոնտեքստին ծանոթանա. «Շատ հետաքրքիր է, և այն, որ ասել է Հովիկ Աղազարյանը, որն այլ մարդ է, քան Ձեր նշած անձը»:

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: Նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ քվե: Սա նշանակում է, որ ընդդիմությանը պետք է աջակցի մոտ երկու տասնյակ իշխանական պատգամավոր: