Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ երկրի ինքնիշխանությունը և «ճնշված քաղաքացիներին» պաշտպանելու համար:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Պակիստանի բանակը հարձակվել է մի քանի հնդկական ռազմական օբյեկտների վրա: Հաղորդվում է, որ Ուդհամպուրի և Պատհանկոտի ավիաբազաները վնասվել են, իսկ զինամթերքի պահեստը՝ ոչնչացվել: Բացի այդ, Geo TV-ի աղբյուրները հաղորդում են, որ կիբեռհարձակման հետևանքով Պակիստանը շարքից հանել է Հնդկաստանի էլեկտրացանցերի 70 տոկոսը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրուց է ունեցել Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել լարվածության թուլացման ուղիներ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ռուբիոն առաջարկել է ԱՄՆ օգնությունը՝ Իսլամաբադի և Դելիի միջև բանակցություններում՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար:
Հնդկաստանը Պակիստանի գործողությունները անընդունելի է անվանել։
«Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հարվածներով բացահայտ սրացումը շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Այսօր՝ մոտավորապես ժամը 5-ին, Ամրիտսարի Խասա Կանտի վրայով թռչելիս նկատվել են թշնամու մի քանի զինված անօդաչու թռչող սարքեր», - նշված է Հնդկաստանի բանակի X-ի էջում. - «Թշնամական անօդաչու թռչող սարքերը անմիջապես ոչնչացվել են մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից»։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները լարված են եղել 1947 թվականին Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր, այդ երկրները երեք պատերազմ են մղել, որոնցից երկուսը՝ Քաշմիրի պատճառով:
Այս անգամ էլ լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրել է Պակիստանում տեղակայված զինյալներին, Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը։