Մարտի 1-ի գործը՝ «ուշադրության կենտրոնում»

Արդեն երկու ամիս Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարող Արթուր Նահապետյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ 2008-ի մարտի 1-ի գործն իր ուշադրության կենտրոնում է: Նա պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որը հիշեցրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է հայտարարել մարտյան արյունալի դեպքերի բացահայտված լինելու մասին, բայց այս պահին էլ պատժված չեն 10 զոհերի վրա կրակ բացած ոստիկանները:

Նահապետյանն ասաց՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել:

«Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ: Այս մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը և Դուք կտեղեկացվեք միանշանակ», - ընդգծեց կոմիտեի նախագահ Նահապետյանը:

«Մարտի 1»-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն, բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը դեռ 2023-ին: Իսկ այս տարի հերքել ինքն իրեն, ավելին՝ խոստովանել էր՝ կբացահայտվի այնքանով, որքանով դա հնարավոր կլինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ». Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» բացահայտման իր հայտարարությունների մասին

«Երբեք չեմ ասել ամբողջությամբ, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, - նշել էր վարչապետը և հավելել, - գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր ա բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել: Ինչքան հնարավոր ա բացահայտել, էնքան պետք ա բացահայտվի»:

Մարտի 1-ի գործով 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար 2019-ին մեղադրանք էին ներկայացրել բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանին: Բայց 4 տարվա քննությունից հետո դատախազությունն արդարացրեց նրան: Պետրոսյանը միակն էր, որ անցնում էր սպանությունների գործով, բայց քննության ընթացքում անմեղ ճանաչվեց։ Դատախազությունը եզրակացրել էր՝ բավարար ապացույցներ չկան։

Թեև հայտնի են «Չերյոմուխա 7» - ով երեք քաղաքացիների կյանքը խլած ոստիկանները, բայց միևնույն է՝ գործը փակվել է, քանի որ լրացել է մեղադրանքի վաղեմության ժամկետը, ոստիկաններն էլ առանց մեղավոր ճանաչվելու ու դատապարտվելու՝ ազատության մեջ են: Մյուս 7 զոհերի սպանության գործերը դեռ քննիչների դարակներում են՝ անհայտ ելքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չբացահայտված «Մարտի 1»