Լարսով ալկոհոլ արտահանող հայկական ընկերությունների ապրանքը Վրաստանում ստուգվում է. ինչո՞ւ

Բեռնատարներ Ռուսաստան-Վրաստան սահմանի Վերին Լարսի անցակետում, արխիվ

Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները վերջին 1-1.5 ամիսներին իրենց համար տարօրինակ ստուգումների են ենթարկվում: «Ազատության» զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, ասաց՝ Վրաստանը տարանցիկ երկիր է, չեն հասկանում, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել, նոր թույլ տալ շարժվել դեպի արտահանման երկրներ:

«Վրաստանում մեքենաները կոնյակով բարձված ուղարկում են [...] տամոժնիան՝ Թբիլիսիում ա գտնվում, նմուշառում են անում, ուղարկում են անալիզի: Բայց Վրաստանի համար դա աբսուրդ ա, էլի, որովհետև իրանք տարանցիկ երկիր են, իրանց համար, շատ կոպիտ ասած, տարբերություն չկա՝ էդ կոնյակը, պարունակությունը ինչքանով ա որակով, ինչքանով՝ անորակ», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունների ներկայացուցիչները, որ գերադասում են առայժմ անանուն պատմել խնդիրների մասին, նաև դժգոհում են՝ վրացական անցակետից բացի, իրենց բեռները ռուսական հատվածում էլ են հիմնականում երկար ստուգումների ենթարկվում:

Դա քիչ թե շատ հասկանալի են համարում, որովհետև իրենց խմիչքները հենց ռուսական շուկայում են վաճառում, բայց երբ վրացական կողմում են, իրենց բնորոշմամբ, արհեստական խոչընդոտների հանդիպում, բաց են թողնում ռուսական շուկայի հետ նախապես կնքած պայմանագրային ժամկետները, իսկ այդ ընթացքում հաճախ ադրբեջանական խմիչքներն են դարակաշարերը զբաղեցնում, որովհետև անարգել են ապրանքը տեղ հասցնում:

«Թե ինչն ա պատճառը ... ոչ մի անգամ սենց չի եղել, ամեն օրվա կանգնելու համար արտահանողը գումար ա մուծում բեռնափոխադրողին, համ էդ ապրանքը հասնում ա մեկ ամիս ավելի ուշ, քան նախատեսել էին: Իրանք էլ մեծ ֆինանսական կորուստներ են ունենում՝ և՛բեռնափոխադրողը, որովհետև իրա մեքենան ամսով կանգնում ա անիմաստ, և՛ արտահանողը: Բայց ավելի շատ տուժում ա արտահանողը», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը:

Որ այս խնդիրը կա, Էկոնոմիկայի նախարարությունում էլ են տեղյակ: Խորհրդարանում այսօր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց՝ հայկական խմիչք արտահանող ընկերությունները ֆինանսական ահռելի կորուստներով են ապրանքը տեղ հասցնում՝ հաճախ դուրս մնալով շուկայի մրցավազքից:

«Էն վնասները, որ կրում են մեր տնտեսվարողները, դժվար թե ուշքի գան: Եվ էս հարցը շատ կարևոր է և ձեր ուշադրության կենտրոնում պիտի լինի», - ասաց Դանիելյանը, - «Կոչ եմ անում Ձեզ հանդիպել, եթե մինչև հիմա հանդիպում չի եղել, ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ, որ էս անորոշությունը պարզաբանվի, և մարդիկ իմանան իրենց արտադրվելիք ապրանքի ծավալները, ոնց պլանավորեն իրենց աշխատանքը, ինչ ակնկալիքներ ունենան, և էս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում»:

Գևորգ Պապոյանն ասաց՝ երեկ Հայաստանում հանդիպել է վրացական կողմի պաշտոնյաների հետ, ու այս հարցը նույնպես քննարկել են:

«Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը երեկ, երեկ էլ, երեկ չէ առաջին օրը Հայաստանում էր, և մենք բազմաթիվ հարցերի շրջանակում նաև այդ հարցն ենք քննարկել: Պրոբլեմը միայն կոնյակի մեջ չէ: Գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էս պահի դրությամբ ծաղիկի, փայլաթիթեղի և տեքստիլի հետ կապված հարցերը մենք լուծել ենք», - ասաց Պապոյանը՝ շարունակելով. - «Հարցը կա, խնդիրը կա, ես հիմա ոչինչ չեմ ուզում թաքցնեմ, ոչ էլ ուզում եմ ուռճացնեմ, քննարկել ենք էդ հարցը, և ի տարբերություն նախորդ ապրանքների՝ դեռևս հարցերի փաթեթը լուծված չէ: Խոստացել են, որ էս պահին առկա կուտակումների հետ կապված որոշակի լուծումներ կլինեն և էն, ինչ որ կա, բաց կթողեն, բայց մեզ պետք է նաև որոշակի, էսպես ասած, ինստիտուցիոնալ լուծում, որ նոր կուտակումներ կամ նոր էդպիսի խնդիրներ չառաջանան»:

«Ազատության» տեղեկություններով՝ այս պահին վրացական կողմում ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար մեքենա է սպասում իր հերթին, որ լաբորատոր ստուգումների պատասխանները ստանան՝ կամ ապրանքը հասցնեն վերջնակետ, կամ էլ հետ վերադառնան: