Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննել են Հոկտեմբերի 27 -ի գործով

Հոկտեմբերի 27 -ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Հարցաքննության համար, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, հիմք է հանդիսացել Սամվել Բաբայանի արած հայտարարությունը, համաձայն, որի հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին:

Սեֆիլյանն, ըստ փաստաբանի, հարցաքննության ժամանակ հաստատել է, որ այդ օրը խոսել է Սամվել Բաբայանի հետ, սակայն իր համար անակնկալ է եղել, որ Բաբայանը դեպքից 25 տարի անց իրեն վերագրել է մի արտահայտություն, որը իրականությանը չի համապատասխանում:

Սեֆիլյանն ասել է, որ Հոկտեմբերի 27 -ի գործով դեռ այն ժամանակ հարցաքննվել է և ինչ իմացել՝ հայտնել է:

Մանրամասները՝ քիչ անց

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունանյան եղբայրները Ղրիմում. հոկտեմբերի 27-ի չպատմված պատմությունը

1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2024-ի ամռանը մահացավ գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը։

Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։



Մանրամասները տե՛ս այստեղ