Ուկրաինան պատրաստ է ուղիղ բանակցել, եթե Ռուսաստանը վաղվանից հրադադար հաստատի․ Զելենսկի
Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Ռուսաստանը վաղվանից՝ մայիսի 12-ից ամբողջական, տևական և հուսալի հրադադար հաստատի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ի պատասխան շաբաթ երեկոյան նախագահ Վալադիմիր Պուտինի հայտարարության, որով վերջինս Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։
«Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը շատ երկար ժամանակ է՝ սպասում դրան»,- X-ում գրել է Վլադիմիր Զելենսկին, միաժամանակ ընդգծելով՝ «ցանկացած պատերազմ իսկապես դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է»։
«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի լիակատար, երկարատև և հուսալի հրադադար՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,- հավելել է նա։
Երեկ Կիևն ու Ուկրաինային աջակցել պատրաստ երկրների կոալիցիան՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների գլխավորությամբ, Մոսկվային առաջարկել էին վաղվանից 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին՝ եթե Կրեմլը չհամաձայնի, կլինեն պատժամիջոցներ։ «Եթե [Պուտինը] լուրջ է վերաբերվում խաղաղությանը, նա հնարավորություն ունի դա ցույց տալու», - հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հավելելով՝ «եթե»-ներ ու «բայց»-եր չպետք է լինեն։
Ի պատասխան կեսգիշերն անց հրավիրած ասուլիսում Վլադիմիր Պուտինը առաջարկեց նոր բանակցություններ՝ խնդրի համապարփակ կարգավորման շուրջ՝ չբացառելով, որ այդ ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ նաև կրակի դադարեցման հարցում։
«Մենք չենք ընդհատել 2022 թվականին սկսված բանակցությունները, դա արել է ուկրաինական կողմը, բայց մենք պատրաստ ենք դրանք շարունակել»,- ասել էր Պուտինը, հավելելով,-«Մենք լրջորեն ենք տրամադրված և ուզում ենք հասնել երկարատև ու կայուն խաղաղության։ Չենք բացառում, որ այդ բանակցությունների արդյունքում կհաջողվի նաև պայմանավորվել նոր՝ իրական հրադադարի մասին, որը հնարավորություն չի տա Ուկրաինային ուժերի վերախմբավորման ու վերազինման համար»։
Միացյալ Նահանգների նախագահը ողջունել է Պուտինի հայտարարությունը։ Իր TruthSocial սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է, որ կշարունակի աշխատել կողմերի հետ։ «ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա։ Հիանալի շաբաթ է սպասվում»,- գրել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի առաջարկը անվանել է «առաջին, բայց ոչ բավարար քայլը խաղաղության ուղղությամբ»։ «Անվերապահ հրադադարին նախորդում են բանակցություններ», - լրագրողներին ասել է Մակրոնը, պնդելով, թե «Պուտինը ուզում է ժամանակ շահել»։
Բանակցությունները չեն կարող տեղի ունենալ ռազմական գործողություններին զուգահեռ,ավելի ուշ X-ում գրել է Մակրոնը, հավելելով՝ «Կիևում նախագահ Թրամփի հետ միասին մենք հստակ առաջարկ արեցինք. երկուշաբթի օրվանից 30-օրյա հրադադար՝ առանց որևէ պայմանի։ Նախագահ Զելենսկին համաձայնեց դրան և որևէ պայման չառաջադրեց։ Հիմա մենք սպասում ենք նույն հստակ պատասխանին Ռուսաստանից»։