«Փաշինյանի ելույթում կարող ենք արձանագրել իրողությունների ճանաչման տրենդը»․ քաղաքական վերլուծաբան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այս արտահայտությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 11-ի թողարկման հյուրն էր քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ում հետ քննարկվել է նաև այս թեման:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Հիմա կոնկրետ, եթե միջազգային օրենքով վերցնենք, եթե Հայաստանի ղեկավարը ասում է, թե «Արցախը Հայաստան է և վերջ», դա նշանակում է, որ ինքը ճանաչում է Արցախը իբրև Հայաստանի մաս: Ի՞նչ կարող եք ասել:

Հակոբ Բադալյան․ - Սա ընդհանրապես կարող ենք տեղավորել իրողությունների ճանաչման որոշակի քաղաքակն տրենդի մեջ, որ միջազգային օրակարգ բերում է ընդհուպ Միացյալ Նահանգները, այսինքն՝ թիվ մեկ գերտերությունը: Ես նկատի ունեմ Իսրայելի հանդեպ նախագահ Թրամփի մի քանի որոշումները, որոնք հենց մեկնաբանվեցին այդպես՝ իրողությունների ճանաչում, դա՝ Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելն էր, Գոլանի բարձունքների ճանաչումը որպես Իսրայելի ենթակայության տակ գտնվող և պատկանելիության տակ գտնվող: Եվ սա միջազգային շատ հասկանալի տրենդ է՝ էն իմաստով, որ ի վերջո համաշխարհային մրցակցությունը մեծ հաշվով հենց իրողությունների ճանաչում է․ եթե դու մրցունակ ես, դու կարողանում ես տեր կանգնել քո շահերին, նաև՝ քո դաշնակիցներին, և կարողանում ես քո գաղափարներն ու, այսպես ասած, առաջնահերթությունները տանել առաջ:

Հիմա Հայաստանը էդ խնդրի առաջ է, և ես կարծում եմ՝ Փաշինյանի ելույթում կարող ենք արձանագրել նաև հենց այս տրենդը՝ իրողությունների ճանաչում: Ի վերջո, մենք գործ ունենք առնվազն քառորդ դար արդեն գոյություն ունեցող մի ստատուս քվոյի հետ և նաև միաժամանակ մի իրողության հետ, երբ այլընտրանք չկա խաղաղությանը: Ով է համաձայն ստատուս քվոյի այս դասավորությանը, ով համաձայն չէ՝ սրանք առանձին հարցեր են, բայց այն, որ խաղաղությանը այլընտրանք չկա, և պատերազմով որևէ բան փոխելու տարբերակը սա աղետ է լինելու և միջազգային մասշտաբի աղետ, ես կարծում եմ՝ որևէ մեկի մտ կասկած չկա, և եթե կասկած էլ կար, ապա դա ցրվեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ մենք տեսանք, թե ինչպիսի վտանգներ կան էդ իմաստով:

Եվ հիմա Հայաստանի խնդիրը շատ հստակ է՝ նախ, առաջինը՝ բարձրացնել խաղաղություն ապահովելու իր կարողությունները և շատ հստակ երկխոսություն և աշխատանք սկսել աշխարհի հետ հենց էս թեմայով:

«Ղրղըզստանում բախումնային հանգուցալուծման ֆոնին առավել հատկանշական է դառնում Հայաստանի ոչ բախումնային նախադեպը»

Բադալյան․ - Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Ղրղըզստանում, սրանք նույնիսկ նախադեպային օգտակարություն ունեն եվրասիական միջավայրի համար: Եվ Ղրղըզստանում էս բախումնային հանգուցալուծման ֆոնին առավել հատկանշական է դառնում Հայաստանի ոչ բախումնային նախադեպը, և սա դառնում է առավել արժեքավոր եվրասիական էս իրականության խնդիրների պայմաններում, և էս ֆոնին էլ շատ հատկանշական է ռուսական որոշ շրջանակների տագնապը, խուճապը, որ կա Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, և էն հարցումները, շատ նուրբ հարցումները, որ արվում են Պուտինին, թե «մենք էս ինչո՞ւ չենք միջամտում, ինչպե՞ս ենք հանդուրժում, որ Հայաստանում տեղի ունենան էս փոփոխությունները», և այլն:

Սրանք խորքային հարցեր են իսկապես, որոնք հենց հարաբերական են դարձնում՝ Պուտինը արդյոք աջակցում է նախկիններին, թե՝ ոչ:

Ի վերջո, պետք է նկատի առնենք նաև, որ Պուտինի համար շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան որևէ նախկին ղեկավարի ճակատագիր, որքան էլ որ այդ ղեկավարների հետ մտերմություն լինի, որքան էլ, ինչպես ասում են, քիմիա լինի: Որովհետև էս քիմիայի մասով չափազանց հստակ մի առիթով Պուտինի մամուլի քարտուղարն էր նշել, որ քիմիա կա, թե չկա՝ ինքը չգիտե, բայց գիտե, որ Պուտինի քայլերում գերակշռում է Ռուսաստանի շահը:

Եվ էս տեսանկյունից, ես կարծում եմ, Ռուսաստանի շահը և էդ նախկին պաշտոնյաների շահերը գնալով տարանջատվում են, որքան էլ ընդհանուր մոտեցումներում թվում է, թե դրանք ընդհանրական են: