Կառավարության ծրագրում նախ ամրագրված է, որ հինգ տարվա ժամանակահատվածում, միջին հաշվով առնվազն, տնտեսական աճը պետք է կազմի 5 տոկոս, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով` կար կարծիք, որ 5 տոկոսը բարձր ցուցանիշ չէ։
«Գուցե պետք է լիներ ավելի բարձր արժեքային ցուցանիշ, որպեսզի հասարակությունն առաջին արձագանքի եղանակով չվիճարկեր այդ ցուցանիշի բացառիկ լինելը, մյուս կողմից՝ մենք խոսում ենք երկարաժամկետ հատվածում միջին նվազագույն ցուցանիշի մասին, իսկ տնտեսական աճը հետևանք է՝ հետևանք է այն բոլոր կարևոր քննարկումների, ինչի մասին մենք խոսում են։ Երբ որ կլինեն մրցակցային ազատ պայմաններ, երբ որ կլինեն մրցունակությունն ավելացնելու խթաններ, և կազմակերպությունները, մասնավոր անձինք կկարողանան ինքնադրսևորվել և իրականացնել իրենց գաղափարները, արդյունքում մենք կունենանք շատ ներդրումներ և, ի վերջո, ծրագրային ժամանակահատվածի ավարտին կունենանք ավելի լավ հիմք՝ 5 տոկոսը գերազանցող տնտեսական աճի համար», - ասաց նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս, օրինակ, «գործարար Աշոտը» բիզնես սկսի, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ բիզնես սկսելու համար, Խաչատրյանը պատասխանեց. - «Երկու բան կարող է անել. եթե Աշոտը նաև ունի դրամական միջոցներ, ապա կան բիզնեսի տիպային դեպքեր, նկարագրեր, որոնք որ այդ Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի էլեկտրոնային կայքում տեղադրված են որպես ձեռնարկ-ուղեցույցներ, դրանք, օրինակ, վերաբերում են չրերի արտադրությանը, ջերմոցային տնտեսությանը, հյուրատնային գործունեությանը, որովհետև Երևանից դուրս գործող բիզնեսների դեպքում հատկապես կարևոր են այդպիսի հնարավորությունները։ Ծանոթանալով փաստաթղթում նկարագրին՝ պատկերացում են կազմում, թե նշված գործունեությամբ զբաղվելու համար ինչպիսի ռեսուրսներ են անհրաժեշտ և ինչ պետք է անի նա, ինչ պետք է հաշվի առնի առաջնահերթորեն այդ նախաձեռնությունը ճանապարհ գցելու համար, և եթե այդ գիտելիքները բավարար չեն որոշում կայացնելու համար, կարող է դիմել նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման կենտրոնի համապատասխան մասնագետներին՝ լրացուցիչ խորհրդատվական աջակցություն ստանալու համար»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․