Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեծ թափ է հավաքում, պնդում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հարցով պատգամավորներին դիմած Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիր գործիչը չի կարծում, թե իրենց նախաձեռնությունը տապալվել է:
«Այստեղ փակուղի չի կարող ուղղակի գոյություն ունենալ: Ես կարծում եմ՝ դա պատգամավորների, ըստ էության, պարտականությունն է, և իրենք չեն կարող որևէ անտրամաբանական, անհիմն բացատրություններով հրաժարվել իրենց պարտականությունները կատարել», - ասաց «Արթուն ենք» շարժման անդամը:
Ընդդիմադիր գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էին պատգամավորներին, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից արձագանքել էին, թե վարչապետի թեկնածու չունեն, բայց պատրաստ են «Հայաստան» խմբակցության հետ քննարկել հարցը, ավելին՝ կսատարեն նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունից գործընթացն անլուրջ էին որակել: Այդ խմբակցությունից Արթուր Խաչատրյանն այսօր էլ կրկնեց՝ կասկածներ ունեն, որ հեղինակների նպատակը իրենց դաշինքը վարկաբեկելն է: Խորհրդարան նամակներ բերելուց առաջ, ասում է, պետք է իրենց հետ հարցը քննարկեին:
«Իմպիչմենթի դեպքում պետք է 20 հոգի ՔՊ-ից քվեարկի: Այդ նախաձեռնության հեղինակները հասցրե՞լ են այդ 20 հոգուց գոնե երկու հոգու հետ խոսել, կա՞ համաձայնություն: Թե չէ մենք ասենք՝ դուք արեք, այդպես չէ», - ասաց նա:
Էդգար Ղազարյանն այժմ ՔՊ-ականներին հանդիպելու փորձեր է անում, որպեսզի բացատրի, թե ինչու է պետք անվստահություն հայտնել վարչապետին: Իշխանականներից Ղազարյանին գրավոր արձագանքել են միայն Թագուհի Ղազարյանն ու Վահագն Ալեքսանյանը: Շատերն էլ հրապարակային են մերժել Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը: ՔՊ-ական Արման Եղոյանն այսօր անգամ լրագրողներին նախատեց, թե ինչու են այդ թեմայով առհասարակ հարցեր տալիս:
Էդգար Ղազարյանի պնդմամբ՝ Փաշինյանը ոչ միայն չի կատարում խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը, այլև դրան հակառակ քաղաքականություն է վարում: Երկու ընդդիմադիր խմբակցություններին հորդորում է անհապաղ Փաշինյանի իմպիչմենթի սեփական նախագիծը հեղինակել, իսկ եթե ոչ, առաջարկում է միանալ նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին: Նրանք արդեն հայտարարել են, որ սկսում են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, մայիսի 20-ին վարչապետի թեկնածուի անունն էլ կտան:
Նախկին կուսակիցների նախաձեռնությունը Արման Եղոյանը չի շտապում շոու որակել, դեռ պետք է կոնտեքստին ծանոթանա. «Շատ հետաքրքիր է, և այն, որ ասել է Հովիկ Աղազարյանը, որն այլ մարդ է, քան Ձեր նշած անձը»:
Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: Նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ քվե: Սա նշանակում է, որ ընդդիմությանը պետք է աջակցի մոտ երկու տասնյակ իշխանական պատգամավոր: