Դատախազը հաստատել է երրորդ նախագահի նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 21-ին կսկսի քննել Սերժ Սարգսյանին վերագրվող նոր մեղադրանքը: Այն առնչվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնմանը, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:
20 տարվա վաղեմության գործը առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր: Ըստ դատախազության, պաշտպանության նախարար Սարգսյանը Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար օտարել է շուկայականից ցածր գներով:
Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանն» ասել էր, որ երրորդ նախագահին մեղադրում են այդ հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք օտարվել են այդ ժամանակ գործող իրական գներով:
Այդ հողամասերը վաճառվել է Կառավարության որոշման հիման վրա՝ «Ազատությանն» ասել էր նախկին նախագահի պաշտպանը:
Նախկին նախագահը մեղքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին: Նրա հետ մեղադրյալի աթոռին են ևս երկու հոգի:
Մեկը թիվ N զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանն է, որն, ըստ մեղադրանքի, հանդես է եկել որպես ձևական գնորդ: Ալեքսան Ալեքսանյանն, ըստ մեղադրանքի, օժանդակել է Սերժ Սարգսյանին վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերության մասնակիցներին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։
Ըստ գործի, 2005-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրամանատարին առաջարկել է օգուտ ստանալու նպատակով հանդես գալ որպես ձևական գնորդ, մասնակցել «Եռաբլուր»-ին կից տարածքների վաճառքին, այն գրանցել իր անվամբ, հետո այն վաճառել «Տոյոտա-Երևան» ընկերությանը և ստանալ առուվաճառքից գոյացած գումարը։ Հենց այդպես էլ Ալեքսանյանն արել է:
Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի, նախագահի առաջին օգնական Արմեն Գևորգյանի և նրա հոր, ինչպես նաև «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված «Տոյոտա- Երևան» ընկերությանը նյութական օգուտ տալու համար խախտել է օրենքը և պետությանը պատկանող հողամասերը էժան գնով հանձնել մասնավորին:
Երրորդ մեղադրյալը 2003-2009 թվականներին Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է: Նա, ըստ մեղադրանքի, պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Ըստ այդմ, Գրիգորյանը դիմել է Սերժ Սարգսյանին, խնդրել աջակցել բնակարանի նորոգմանը: Սարգսյանն էլ նրան առաջարկել է ձևականորեն գնել «Եռաբլուր»-ի մոտ գտնվող ավելի քան 1 հեկտար հողատարածքը, հետո թանկ վաճառել:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է այդ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան:
Այս գործը երրորդ նախագահին առնչովղ երրորդ մեղադրանքն է: Առաջինը վառելանյութի գործն է:
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո մոտ մեկ տարի առաջ առաջին ատյանի դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Վերաքննիչը, սակայն, բեկանեց այս որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության:
Երրորդ գործն առնչվում է կաշառք ստանալուն: Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ 2019-ին հարուցված գործը նախաքննության փուլում է: Գործարարը հայտարարել էր, թե կաշառք է փոխանցել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որ չխանգարեն հանքարդյունաբերության իր բիզնեսին: Թե ինչու է այս մի գործը քննվում արդեն 6 տարի, իրավապահները չեն մանրամասնում: