Ինչպե՞ս է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 2023-ին 40 հեկտար հողեր ձեռք բերել Արմավիրի մարզում, ինչպես է 71-ամյա Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից ստացել է 1.5 միլիարդ
դրամի վարկ, ապա ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի: Հարցն այսօր խորհրդարանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նահապետյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր Հակակառուպցիոն կոմիտեի 2024 թվականի հաշվետվությունը:
«Պարոն Նահապետյան, քանի՞ թոշակառու եք ճանաչում, որ կարող է բանկից 1.5 միլիարդ դոլարի վարկ ստանալ և պետությունն էլ իրեն սուբսիդավորի... ես կարծում եմ, որ Դուք էլ չեք ճանաչում, ինչպես որ ես չեմ ճանաչում, որովհետև թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը», - նշեց Թագուհի Թովմասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Ազգային ժողովում կառուցված սրճարանի կոռուպցիոն ռիսկերի մասին, հարցնելով, թե ո՞վ է որոշել, որ խորհրդարանում պետք է կառուցվի սրճարան, որն արժեցել է ավելի քան 100 հազար դոլար: Ո՞վ է որոշել, որ այդ հատվածից պետք է հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների կողմից տնկված եղևնիները և դրանց տեղում սճարան կառուցվի:
«3 միլիոն դրամից ավելի մի ջրվեժիկ են տեղադրել, 3 -4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել, 2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան-աթոռներն են շարված սրճարանում: Բոլոր փաստաթղթերը, պարոն Նահապետյան, էլեկտրոնային կրիչով եմ ձեզ տալու, պողպատե փաստեր: Համեմատության համար ուզում եմ ասել, որ 100 հազար դոլարանոց այդ սրաճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակ վերանորոգելու համար, ճաշակի հարց է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Թովմասյանը խոսեց նաև Ազգային ժողովի գնումների վերաբերյալ, նշելով՝ իր ձեռքի տակ եղած 2 տասնյակից ավելի փաստաթղթերը վկայում են, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության, պետբյուջեի գումարները շռայլորեն ծախսում է, չներկայացնելով, թե ինչ կարիքների համար:
«2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, որի համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն 635 հազար դրամ: Ի՞նչ անհրաժեշտության են գնվել, ո՞ւմ են նվիրել, էս մասով որևէ թփանցիկություն չկա, ընդորում, բոլոր գնումները 3 տարիների ընթացքում իրականացվել են «Վինո վինո» ընկերությունից: 2025 թվականի հունվարից ապրիլ գնվել է 594 շիշ կոնյակ՝ 11 միլիոն դրամով, ու դեռ տարին շարունակվում է: Էլ չեմ ասում էն օրորոցային չխչկան խաղալիքների մասին», - ընդգծեց նա:
Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարեց, որ այս ամենի մասին բարձրաձայնելուց բացի, այժմ Հակակառուպցիոն կոմտեի նախագահին կփոխանցի հաղորդում հանցանքի մասին՝ ակնկալելով գործուն քայլեր:
«Կառուպցիայի մասին խոսելով կոռուպցիան չի վերանում, պետք են գործում քայլեր, ընդորում, քաղաքականապես անկախ, չնայելով, թե կոռուպցիոն գործարքների թիկունքում իշխող կուսակցությունից ովքեր կան», - նշեց Թովմասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը «Ազատությանն» ավելի ուշ տեղեկացրեց, որ հանցանքի մասին հաղորդումը արդեն ներկայացրել է, և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քննիչն անհապաղ, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է կազմի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն: