Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Քրդերը պետք է զինաթափվեն նաև Սիրիայում և Իրաքում»


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայում համոզված են`Քրդական բանվորական կուսակցության (PKK) ինքնալուծարումը երկրի պատմության մի նոր էջ է բացում։ Դրա հետ մեկտեղ, երկրի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ընդգծում է՝ ուժային կառույցները պետք է հետևեն, որ քրդերը հանկարծ չփորձեն խուսափել Հյուսիսային Իրաքի լեռներում կուսակցության 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ կայացված որոշումների կատարումից։

«Մեր անվտանգության ուժերն ու մյուս կառույցները պետք է ուշիուշով հետևեն այս գործընթացին, որպեսզի դրա ժամանակ որևէ անցանկալի միջադեպ տեղի չունենա, իսկ խոստումները, որ հնչել են, կատարվեն», - երեկ երեկոյան Անկարայում հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով, ի դեպ, Անկարայում ակնկալում են, որ 1970-ականների վերջին ստեղծված և 1984-ից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցությունը չի սահմանափակվի միայն Թուրքիայի զինված ուժերի դեմ կռվող ջոկատների զինաթափմամբ։

«[Քրդական բանվորական կուսակցության] հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես մի որոշում, որ տարածվում է նաև այս կառույցի՝ Սիրիայում, Եվրոպայում և Հյուսիսային Իրաքում գործող մասնաճյուղերի վրա», - նշում էր Թուրքիայի նախագահը։

Այս հայտարարության գլխավոր հասցեատերը՝ սիրիացի քրդերի զինված ստորաբաժանումների հրամանատար, Քրդական բանվորական կուսակցության երկարամյա անդամ Մազլում Աբդին, երեկ հրապարակած հայտարարության մեջ ողջունել էր կուսակցության՝ ինքնալուծարման և զինաթափման մասին որոշումը։

«Մենք վստահ ենք, որ ձեռնարկված այս նոր քայլը տարածաշրջանում խաղաղության կհանգեցնի և ճանապարհ կհարթի քաղաքական լուծումների համար», - հայտարարել է Աբդին՝ խուսափելով, սակայն, ասել՝ արդյոք սիրիացի քրդերը ևս պատրաստ են զինաթափվել:

Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները նույնպես ուրախ են, որ 40 տարի տևած պարտիզանական պայքարի էջը փակվում է։ Դրա հետ մեկտեղ, շարքային թուրքերի շրջանում որոշակի թերահավատություն ևս առկա է։ Ոմանց մոտ կասկածներ կան, որ Էրդողանի կառավարությունն այս քայլին դիմում է նախևառաջ ներքաղաքական դրդապատճառներից ելնելով։

«Ես հուսով եմ, որ այն բոլոր լուրերը, որոնք ես կարդում եմ ողջ օրվա ընթացքում, ի վերջո իրականություն կդառնան։ Մյուս կողմից, ինձ թվում է, որ այս ամենի տակ այլ բան է թաքնված», -Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Անկարայի բնակչուհի Ահսեն Ալիշիրօղլուն։

«Այլ բան» ասելով Թուրքիայում նկատի ունեն Էրդողանի՝ ևս մեկ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկությունը։ Թուրքական ընդդիմադիր շրջանակների համոզմամբ՝ այդ նպատակով Ռեջեպ Թայիփ Էրդողանը պատրաստ է քրդերի հետ հաշտեցման մի նոր գործընթաց սկսել, որի դիմաց խորհրդարանում ներկայացված քրդամետ DEM կուսակցությունը կքվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք էլ, իրենց հերթին, Թուրքիայի նախագահի համար ճանապարհ կբացեն դեպի պաշտոնավարման ևս մեկ ժամկետ։

Թուրքական մամուլում, սակայն, այլ տեսակետներ ևս հնչում են։

Pencere թերթի ծաղրանկարիչ Բյուլենթ Չելիքի համոզմամբ, օրինակ, Քրդական բանվորական կուսակցության լուծարմամբ Էրդողանը զրկվում է իր նախընտրական գլխավոր կռվաններից մեկից, այն էլ՝ ամերիկացիների թեթև ձեռքով։ Այսօր հրապարակված ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որը ձկնորսական կարթով Էրդողանի դիմացից փախցնում է «Քրդական բանվորական կուսակցություն» մակագրությամբ խաղալիք ավտոմեքենան։ Նկարի վերևում էլ գրված է. - «Ես առգրավում եմ այն հարմարավետ գործիքը, որ թույլ էր տալիս ձեզ անընդհատ հաղթել ընտրություններում»։

Թուրքական առաջատար մամուլում, այդուհանդերձ, գնահատականներն ավելի լուրջ են և ավելի լավատեսական։ «Խաղն ավարտված է․ պատմական քայլ դեպի ահաբեկչությունից զուրկ Թուրքիա», - գրել է Milliyet պարբերականը։ Hurriyet-ի առաջին էջում էլ կարդում ենք՝ «Ահաբեկչության կեսդարյա էջը փակված է»։

Թուրքիայի քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրում ևս ուրախ են, որ թուրք - քրդական հակամարտության հանգուցալուծման իրական հնարավորություններ են ի հայտ եկել։

«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այս օրը Թուրքիայում ազգային տոն հռչակվի։ Որովհետև եղբայրասպան պատերազմներն ու բողոքի գործողություններն այլևս անցյալում կլինեն։ Այլ պետություններն այժմ արհեստական բանականություն են ստեղծում, իսկ մենք այս խնդիրների պատճառով, նրանցից առնվազն 20 տարի հետ ենք մնացել», - Аssociated Press-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Դիարբեքիրի բնակիչ Մեսութ Օզդեղերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG