Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, «Հաղթանակ» զբոսայգում «Ազատությանն» ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե օրենքն ընդունելուց հետո անդամակցության ուղղությամբ գործնական ինչ քայլեր են արվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր՝ Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ:
«Մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք», - նշել էր Փաշինյանը:
Այսօր փոխնախարարին հարցրին՝ նման քննարկումներ եղե՞լ են և ի՞նչ արդյուքներ կան, Սաֆարյանը շատ հակիրճ պատասխանեց. - «Ես տեղյակ չեմ, այլ փոխնախարար է համակարգում այդ աշխատանքները»:
Անցած շաբաթ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն «Ազատության»-ն ասել էր՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ Երևանից չեն ստացել, ստանան՝ կքննարկեն: