Մատչելիության հղումներ

Բանակցություններ՝ Բաքվի նախապայմանների շուրջ. ընդդիմության պնդումն ու իշխանության արձագանքը

Լրացված

Խորհրդարանական ընդդիմության կարծիքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով հայ-ադրբեջանական քննարկումները Բաքվի նախապայմանների շուրջ են: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ Հայաստանի բանակցողները հերթական զիջումները ժողովրդին ներկայացնելու որևէ փաթեթավորում կմտածեն, հետո այդ մասին հրապարակային կխոսեն:

«Եթե տեքստը համաձայնեցված է, ապա ինչի՞ շուրջ են բանակցությունները», - հարցնում է պատգամավորը:

Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը: Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ազատությանն» ասել էր՝ ադրբեջանական կողմի հետ քննարկումներում դեռ առաջընթաց չկա, բայց և հավելել. «Ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»:

«Ամեն անգամ, երբ որ ՀՀ կառավարիչներն ասում են՝ լավ լուր ենք սպասում, դա հայերի, հայրենասերների համար լարվելու առիթ է, որովհետև իրենց համար լավ լուրը չի կարող լավ լուր լինել ՀՀ, ՀՀ քաղաքացիների համար», - ասաց Հայկ Մամիջանյանը:

Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել նաև Մինսկի խումբը: Արդարադատության նախարարությունում նոր Սահմանադրության տեքստ են գրում, թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ: Բայց վարչապետն արդեն հայտարարել է՝ իր կարծիքով՝ այդ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում՝ դրանում Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջ» տեսնում: Հայկ Մամիջանյանը նշեց՝ նախկինում հայ բանակցողները հայտարարել են մի բան, իսկ հետո Ադրբեջանի ճնշման ներքո գնացել զիջումների:

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր չմանրամասնեց՝ ինչի շուրջ են Երևանի և Բաքվի միջև այժմ ընթացող բանակցությունները, բայց պնդեց՝ ադրբեջանական նախապայմանների շուրջ Երևանի դիրքորոշումները հայտնի են և չեն փոխվել:

«Մենք աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ, և հենց նորությունները լինում են, անպայման կոմունիկացվում են էլի: <> Մենք երկու նախապայմանների հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ մի «նախապայմանը» մենք խնդիր չենք տեսնում, մյուս «նախապայմանը» մենք խնդիր տեսնում ենք», - ասաց նա:

Երկու օր առաջ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը, սակայն, խոսել է ոչ թե ստորագրման հեռանկարից, այլ իրենց նախապայմաններից: Պնդել է, թե Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը իրենց «լեգիտիմ սպասումներն են» Հայաստանից:

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն այսօր հայտարարեց՝ նախապայմաններ ներկայացնելը և դրանք փաստաթղթում չներառելը խնդիր է. «Եթե կային պայմաններ, որոնք պետք էին խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց ես վստահեցնում եմ, որ նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում»:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցնում է՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները տարակուսում, որ Բաքուն նախապայմաններով է խոսում, իրենք են տարբեր փուլերում այդ նախապայմանները բավարարելով հասցրել այս հանգրվանին: Խաչատրյանը հույս ունի, որ այդ նախապայմանները բավարարելու օրակարգը կտապալի ժողովուրդը՝ դեմ քվեարկելով նոր Սահմանադրությանը:

«Որովհետև Բաքվում գրած, իր կաբինետում թարգմանված Սահմանադրությունը մեր կործանման ամենակարճ ճանապարհն է», - նշեց նա:

Բանակցված, բայց դեռ չստորագրված համաձայնագիրը կապիտուլացիա համարող «Հայաստան» խմբակցությունից ընդգծում են՝ Հայաստանի բանակցողների դիրքերն այնքան թույլ են, որ անգամ այդ փաստաթղթի ստորագրման համար է Բաքուն պահանջներ ներկայացնում:

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը որպես ձեռքբերում շեշտեց, թե պայմանագրում չկա նաև «միջանցքի» մասին դրույթը:

Շաբաթավերջի իր ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը չէր շրջանցել նաև այս հարցը, շեշտել էր՝ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Բաքվի դիրքորոշումը հստակ է, սպասում են՝ Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները:





XS
SM
MD
LG