Իրանն ու ԱՄՆ-ը այսօր վերսկսել են բանակցությունները՝ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ։ Սա Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և նախագահ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթկոֆի չորրորդ հանդիպումն է, որն անցնում է Մասկատում՝ Օմանի միջնորդությամբ։
Բանակցություններից առաջ Արաղչին հայտարարել է՝ «Իրանն ունի հայտնի դիրքորոշումներ, որոնք հիմնված են հստակ սկզբունքների վրա... Մենք հույս ունենք վճռական դիրքորոշման հասնել կիրակի օրվա հանդիպմանը»։
Ուիթկոֆն իր հերթին ներկայացրել է Վաշինգտոնի կարմիր գծերը. «Ոչ մի հարստացում։ Իրանի միջուկային օբյեկտները պետք է լիովին ապամոնտաժվեն»։ Ամերիկացի բանագնացը հավելել է՝ եթե այսօրվա հանդիպումն արդյունավետ չլինի, «բանակցությունները չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք այլ ուղի ընտրել»։
ԱՄՆ նախագահը, որ ավելի վաղ սպառնացել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը արդյունք չտա, մայիսի 13-16-ը կայցելի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։