Մատչելիության հղումներ

Զոհ ունեցող տեղահանված արցախցի ութ տասնյակ ընտանիքներ՝ անելանելի դրության մեջ


Արխիվային լուսանկար Աղավնոյից
Արխիվային լուսանկար Աղավնոյից

Ասյա Առստամյանն ու նրա բախտակից ավելի քան 80 զոհված զինծառայողների ընտանիքներ տագնապի մեջ են. տունը, որտեղ ապրում են, օդից կախված է: Հայաստանի կառավարությունը մեկուկես տարի է չի վճարում բանկի գումարները, լուծում չի գտնում:

«Ամեն ամիս փակում էին, 23 թվից ոչ մի կոպեկ»,- պատմեց կինը:

Ասյա Առստամյանը 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա ժամկետային Սասուն Առաքելյանի մայրն է: Աղավնոյում էին ապրում: 2022 թվականի օգոստոսին տեղահանվեցին:

Հենց 2022-ին էր Արցախի կառավարությունը գործարկել բնակարանային ծրագիր զոհված զինծառայողների տեղահանված ընտանքիների համար: Արցախի այդ ժամանակվա պետնախարար Արտակ Բեգլարյանն էր համակարգում ծրագիրը. - «Հայբիզնեսբանկը այդ ժամանակ Արցախի կառավարության հետ պայմանագիր կնքեց, և Արցախի կառավարությունը սերտիֆիկատներ տրամադրեց զոհվածների ընտանիքներին: Արցախի կառավարությունը պարտավորվել էր 20 տարում մարել հիպոթեքը»:

Տեղահանված ու զոհ ունեցող 220 ընտանիք կար, նրանք ունեին ընտրություն՝ Արցախում, թե Հայաստանում տուն գնել , ավելի քան 80 ընտանիք Հայաստանն էր ընտրել՝ հարազատի շիրիմին մոտ լինելու համար: Ասյա Առստամյանը Հայաստանն ընտրողներից մեկն էր, նրա որդին Եռաբլուրում է հուղարկավորված:

Կինը պատմում է՝ 2023 թվականին տուն գտան Արմավիրի մարզում, իրենց միջոցներից էլ ավելացրին ու սերտիֆիկատի գումարով գնեցին: Արտակ Բեգլարյանը նկատում է՝ գրեթե բոլորն են ստիպված եղել գումար ավելացնել:

«Այսինքն գրեթե բոլորը «Զինապահ» հիմնադրամից ստացած գումարները դրել են, որպեսզի կարողանան քիչ թե շատ նորմալ տներ գնել»:

Արցախի հայաթափումից, տեղահանումից հետո ո՞վ պիտի ստանձներ այս ծրագրի շաունակությունը, այսինքն ո՞վ պիտի վճարեր բանկին՝ տների դիմաց: Մարդիկ ենթադրում էին՝ Հայաստանի կառավարությունը, մինչև որ բանկից ահազանգ ստացան:

Ասյա Առստամյանը չգիտի ինչ անի, տան վարկի մարման գումարը ամեն ամիս մոտ 300 հազար է, ինքն ու ամուսինը անառողջ են, աշխատել չեն կարող. - «Երկուսս էլ հիվանդ ենք, դեղերով ապրող մարդիկ ենք: Դե մի որդիս է, նա էլ 120 հազար գումար է ստանում»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ամեն ամիս ընտանքիը 250 հազար դրամ է ստանում, վարկ փակելու գումար չէ, ասում է Ասյա Առստամյանը: Տները, որտեղ ապրում են այս մարդիկ, բնականաբար, գրավադրված են բանկում, մինչև գումարն ամբողջությամբ փակվի: Առստամյանի համար արդեն լավ լուր է այն, որ բանկից թարմ սպառնալիք չեն ստացել:

Ծրագիրը համակարգած Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ տեղահանումից հետո, երբ Արցախի բյուջեն հասկանալիորեն զրոյական էր, Հայաստանի կառավարությունը ստանձնեց ու շարունակեց մի շարք պարտավորություններ, իսկ այս մեկը, որ շատ խոցելի ընտանքիներին էր վերաբերում, մնաց: Այնինչ հաշվարկել է՝ շուրջ 1.5 միլիարդ դրամով կարելի էր փակել հարցը:

«Եթե այս ընտանիքները չունենային էս տները, պետք է շահառու ճանաչվեցին Հայաստանի կառավարության գործող բնակարանային ծրագրով»:

Այս ընտանիքները, բնականաբար, չեն ստացել նաև Հայաստանի կառավարությոան կողմից տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի փոխհատուցման 40 հազարական դրամներով:

Սոցապ նախարարությունից տեղեկացանք՝ խնդիրը դեռ քննարկման փուլում է, առաջիկա 15 օրում կներկայացնեն լուծման տարբերակները:

Ասյա Առստամյանն ասում է՝ մի տուն Մարտակերտի Մարաղայում է կորցրել՝ 90-ականներին, հաջորդ տունը Աղավնոյում է թողել 2022-ին, գոնե այս մեկը Արմավիրի մարզում՝ իրենց մնա...


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG