Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքը առաջնորդած Մարտուն Գրիգորյանի հոր, որդու ու թիմակցի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան: Վարույթը հարուցվել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» ու Մարտուն Գրիգորյանի հեռակա բանավեճը խիճն էր դարձել: Գյումրիի փողոցներից մեկը բարեկարգած ընդդիմադիր պատգամավորն այն ժամանակ կատակել էր, թե «մեր շիբինը ձեր շիբինին վնաս չէ»:
Բայց կատակը լրջացավ ու փողոցի խճապատումը քրեական գործ հարուցելու հիմք դարձավ: ՔՊ-ի այդ ժամանակվա համայնքապետի պաշտոնակատար և քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ևս մինչ քարոզարշավի մեկնարկը, ինչպես Մարտուն Գրիգորյանը, փողոցների խճապատման ու հարթեցման տեսանյութեր էր հրապարակում: «Անկախ դիտորդը» թեև ավելի ուշ դիմեց դատախազություն, բայց մինչ այժմ քրեական որևէ վարույթ նախաձեռնված չէ:
Իսկ Մարտուն Գրիգորյանի հարազատների ու թիմակցի գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, առաջին նիստի օրը դեռևս նշանակված չէ:
Ընտրություններից երեք օր առաջ ձերբակալված, ապա ազատ արձակված Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի, որդու՝ Կարեն Գրիգորյանի ու ավագանու ցուցակից Սոֆյա Թորոսյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, նաև երկրից բացակայելու արգելք կա:
Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը օրերս «Առավոտին» տված հարցազրույցում անդրադարձել է քրեական այս գործին՝ ասելով, թե փորձ է արվել «էժան մեթոդով ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել իրեն»:
Գրիգորյանն ասում է՝ իր հարազատ Արցախ թաղամասից մոտ 200 մարդու են որպես վկա Հակակոռուպցիոն տարել. - «Էս ստից գործերով էդ մարդկանց վկա են դարձրել ու պիտի Երևան քարշ տան ու անհանգստացնեն, ինչ է՝ թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալ, ինչ է էդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների ցուցակում»:
Ընդդիմադիր պատգամավորն այս ամենը վրեժխնդրություն է որակում ու մատնացույց անում ՔՊ-ին. - «Էդ ամեն ինչը արել է ՔՊ-ն, էստեղի պատասխանատուները, նախընտրական շտաբի պատասխանատուները, Երևանից եկածները, ովքեր վրեժխնդիր են լինում ու փորձում են ամեն ինչ անել, որպեսզի խառնակչություն լինի»:
Գրիգորյանի թիմակիցների նկատմամբ ևս մեկ վարույթ է կա, որ առավել հայտնի է «Տատիկների գործ» անունով: Այս գործով քննությունը դեռ չի ավարտվել, դրանում ներգրավված տարեց կանայք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ:
Մարտուն Գրիգորյանի դաշինքի ստացած վեց մանդատը վճռորոշ դարձավ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու հարցում: Չնայած վերջինիս հետ ընտանեկան ու քաղաքական երկարամյա հակամարտությանը, Գրիգորյանը միացավ մյուս ընդդիմադիրներին՝ հնարավորություն տալով Վարդան Ղուկասյանի առանց մեծ դժվարության քաղաքապետ ընտրվել, արդյունքում ամենաշատ ձայները ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը Գյումրիում:
Հիմա Գրիգորյանը նաև պնդում է, թե սկսել են աշխատանքից ազատել իր թիմակիցներին, բարեկամ - ընկերներին. - «Չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցիների հետ, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ: Ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» չուզող ժողովուրդը Գյումրիում ավելին է, 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 17 հազարը քվեարկել է ՔՊ-ի օգտին, մնացած ՔՊ չեն ուզել»:
Գյումրեցի մի քանի ՔՊ-ականների հետ կապվեցինք, ասացին՝ Մարտուն Գրիգորյանի պնդումներին ծանոթ չեն, ծանոթանան, ավելի ուշ կարձագանքեն: Ավելի վաղ Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները հերքել էին նմանատիպ մեղադրանքները: