Մատչելիության հղումներ

Բանակում գողական բարքերի դեմ պայքարելու համար պետք է շատ հստակ քաղաքական դիրքորոշում, շեշտում է իրավապաշտպանը


Armenia - Nina Karapetiants, lawyer and human rights activist, is interviewed by Azatutyun TV, Yerevan,23Feb,2020
Armenia - Nina Karapetiants, lawyer and human rights activist, is interviewed by Azatutyun TV, Yerevan,23Feb,2020

Հայկական Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում այս տարվա սկզբից արդեն 13 զինծառայող է մահացել։ Մինչ բանակի ղեկավարությունը, ինչպես նախկինում, հայտարարում է, թե պատճառը հասարակությունում տիրող քրեական բարքերն են, իրավապաշտպանները, զոհվածների հարազատները սուր քննադատության են ենթարկում Զինված ուժերի ղեկավարությանը՝ մեղադրելով նման ողբերգական միջադեպերը չկանխելու, իսկ իրավապահներին՝ արդեն տեղի ունեցածը չբացահայտելու համար։

Անցած շաբաթ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» թեմայի շուրջ Հրայր Թամրազյանը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Նինա Կարապետյանց. – Ես ներողություն եմ իհարկե խնդրում, բայց պիտի ասեմ՝ բանակում հերոս լինելը, պատերազմի ժամանակ հերոս լինելը շատ ավելի հեշտ է, քան երբ արդեն ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, կամ խաղաղություն, կիսախաղաղություն վիճակում, որովհետև երբ գեներալները դառնում են, պատերազմի գեներալները դառնում են դեգեներալներ, երբ որ իրենց համար իրենց պաշտոնը, իրենց անձնական ունեցվածքները, բիզնես ունենալը, բարեկեցիկ կյանքով ապրելը՝ էդ գայթակղությանը չեն դիմանում մարդիկ, դա դառնում է խնդիր բանակում։ Եվ էդ հարցերը, էդ դիզելանյութ գողանալուց մինչև սնունդ՝ էդ բոլոր խնդիրները բախվում են։ Դա ունի, իհարկե, բացատրություններ, որովհետև երբ սպան ստանում է, ամեն օր իր կյանքը վտանգի տակ դնող սպան, շատ ու շատ մարդկանց համար պատասխանատվություն կրող սպան ստանում է շատ փոքր, ես գտնում եմ, իր արած աշխատանքի դիմաց աշխատավարձ, դա կարող է առաջացնել նման իրավիճակներ։ Չեմ ասում, որ բոլորն են էդպես մտածում։

Էդ գողական բարքերը իսկապես մտել են։ Ես չեմ հավատում, որ կարող է ստեղծվի իրավիճակ, որ կայուն համակարգի մեջ գան մեկ-երկու 18 տարեկան երիտասարդ գողական, էսպես ասած, ենթամշակույթ կրողներ ու կարողանան կայուն, կայացած համակարգը քանդել, էդպիսի բան չի կարող լինել։ Ես համոզված եմ, որ եթե համախոհ չի գտնում էդ 18 տարեկանը ի դեմս որոշ սպաների, ինքը չի կարող էդ գաղափարը տարածել, մշակույթը տարածել՝ դա շատ արագ հնարավոր է կանխել, բանակը դա ազատ առօրյա կյանքը չի, երբ մեզանից յուրաքանչյուրը օրվա մեջ հազար ու մի տեղ է լինում, հազար ու մի մարդկանց հետ շփում է ունենում՝ շատ կոնկրետ, սահմանափակ շփում կա, տեղաշարժի հնարավորությունները շատ սահմանափակ են, կան կոնկրետ գործողություններ, որոնք անում են։ Էնպես որ, ես չեմ հավատում, որ հնարավոր է էսքան տարածում գտի, եթե չկան էդ գաղափարները կրող սպաներ։

Մենք խոսում ենք միայն զոհերի մասին, մահվան դեպքերի մասին, իրականում ինչքան բռնության դեպքեր կան էնտեղ, որի մասին ոչ մեկ չի ուզում խոսել, այո, չի էլ գրանցվում, որովհետև երբ փորձում են բարձրաձայնել, բանակում գտնվելու ժամանակ բարձրաձայնելու դեպքում իրենց կյանքի համար որևէ մեկը երաշխավորություն տալ չի կարող՝ դա բացառված տարբերակ է։ Անգամ բանակից ծառայությունը ավարտելուց հետո երբ վերադառնում են, մարդիկ մեծ մասամբ չեն ուզում խոսել, որովհետև առաջինը՝ մարդը պիտի պատմի ինքը իր նվաստանալու մասին, և որևէ մարդու համար՝ կին լինի թե տղամարդ, հաճելի չի լինում խոսել, որ քեզ էդ աստիճանի նվաստացրել կամ բռնության են ենթարկել, և երկրորդը՝ որևէ մեկը չի հավատում ու չի տեսնում արդյունքը՝ պատժվածներին չի տեսնում։ Այսինքն, ինքը հասկանում է, որ ինքը խնդիր է բարձրաձայնելու, ու լավագույն տարբերակով՝ քրեական գործը կարճվելու է ապացուցված չլինելու, էսպես ասած, հիմքերով, վատագույն տարբերակով՝ սուտ մատնության համար ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվելու։ Այսինքն՝ մենք ունենք, ռուսերեն կասեն՝ «զամկնուտի կռուգ», մենք էդ փակ շղթայից չենք կարողանում դուրս գալ։ Ու էստեղ է, որ պետք է շատ հստակ քաղաքական դիրքորոշում։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG