Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Թիվ 296 բանաձևի և դրա նշանակության շուրջ է զրույցը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրի՝ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Պարոն Սինանյան, հիմա շատ հայեր հարցնում են՝ լավ, ընդունվեց բանաձևը, ի՞նչ նշանակություն ունի այն Հայաստանի համար, ի՞նչ է տալիս Հայաստանին:
Զարեհ Սինանյան․ - Հայաստանին տալիս է հետևյալը՝ մենք լուրջ ազգային անվտանգության խնդիր ունենք, քանի որ ունենք մի հարևան, որը ոչ միայն ցեղասպանություն է գործել, այլ այն դրժում է դրա փաստը, հերքում է դրա փաստը և բավական թշնամաբար և ագրեսիվորեն է տրամադրված այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հետևաբար, նման քայլերը, լինելով նույնիսկ բարոյական հաղթանակներ, մեկը մյուսի հետևից ավելի դժվար են դարձնում մեր հարևան Թուրքիայի Հանրապետության համար հետագայում ավելի ագրեսիվ քայլերի դիմելը Հայաստանի Հանրապետության դեմ: Ես դրան հավատում եմ, որովհետև, քանի որ միջազգային հանրությունը գնալով ավելի պատրաստակամորեն է ընդունում Ցեղասպանության փաստը, բնական է, որ այն ավելի դժվար է ընդունելու կամ չի ընդունելու որևէ ագրեսիվ քայլ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
«Ազատություն»․ - Դուք լսել եք թուրքերի արձագանքը՝ Էրդողանի արձագանքը, արտգործնախարարի, ընդհանրապես բոլոր պաշտոնյաները գրեթե դատապարտում են այս բանաձևը, ասում են, որ իրենց համար դա որևէ նշանակություն չունի, բայց ի՞նչ կարող եք ասել այդ արձագանքի մասին:
Սինանյան․ - Արձագանքը լրիվ սպասելի էր, այսինքն՝ այս արձագանքը մենք նաև տեսել ենք այլ երկրների, այլ պետությունների Ազգային ժողովների, պառլամենտների՝ Ցեղասպանությունն ընդունելու փաստից հետո: Գիտե՞ք, Թուրքիան մի սովորություն ունի, որ ամեն անգամ, երբ մի պետություն, մանավանդ՝ խոշոր պետություն, ընդունում է Ցեղասպանության փաստը, կամ ավելի շուտ՝ վերահաստատում է Ցեղասպանության փաստը, Թուրքիան սպառնում է, սպառնում է՝ հարաբերությունների խզում, տնտեսական հարաբերությունների խզում, և մեկ-երկու տարի հետո նորից վերադառնում է սեղանի շուրջ և բարյացկամ, բարիդրացիական հարաբերություններ է հաստատում այդ պետության հետ:
Ամերիկայի հետ, կարծում եմ, նույն իրավիճակն է՝ իրենք դատապարտում են, իրենք ասում են, որ չեն ընդունում: Բնական է՝ չեն ընդունում, սակայն, միևնույն է, սա ևս մի ապտակ էր Թուրքիային, ևս մի փաստ էր, որը հիշեցնում է Ցեղասպանության մասին, և կարծում եմ, որ զսպիչ դեր է խաղալու ապագայում Թուրքիայի դեմ:
Կոնկրետ Միացյալ Նահանգների, օրինակ, ասենք, բիզնես շրջանակներում, ի դեպ, մենք հաճախ լսում ենք, որ ընկերություններ, որոնք կուզեին ներդրում անել Հայաստանում, չեն անում, որովհետև ասում են՝ «գիտե՞ք, մեր տարածաշրջանային կենտրոնը Թուրքիայում է գտնվում, սա մեր համար մի քիչ զգայուն հարց է, չենք կարող Հայաստանում ներդրում անել»: Համոզված եմ, որ որքան որ թուլանան հարաբերությունները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև, այնքան ավելի հավանական կլինի նման մեծ ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Եվ, գիտե՞ք, Թուրքիան մի բան մոռանում է, որ այս վերջին 15-20 տարվա տնտեսական հրաշքը որ տեղի ունեցավ, մեծ իմաստով՝ ի հաշիվ թուրք-ամերիկյան ջերմ հարաբերությունների էր, նրանք, թերևս, մի քիչ գերագնահատում են իրենց սեփական տնտեսական հնարավորությունները, և կարծում եմ՝ շուտով հասկանալու են, որ այդ հարաբերությունները մեծ արժեք ունեն: Բայց մենք դրանից կարող ենք մեծ շահույթ ունենալ երկար ժամկետում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․