Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով: Այս թեմայով է զրույցը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրի՝ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հետ:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
Աննա Վարդապետյան․ - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երբևէ ներպետական չորրորդ ատյանի դերակատարություն չի ստանձնի, և դա իր առաքելությունը չէ՝ ասելով, որ, գիտեք ինչ, բովանդակային առումով մեղադրանքը էս ուղղությամբ պետք է գնալ կամ մեղադրանքը հակառակ ուղղությամբ պետք է գնա: Եվրոպական դատարանը անդրադառնալու է հարցին բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում և բացառապես ընթացակարգերի տեսանկյունից: Այսինքն՝ որևէ դեպքում չորրորդ ատյանի գործառույթ չի իրականացնելու, դա վստահաբար կարող եմ ասել:
«Ազատություն»․ - Հեռուստադիտողը ի՞նչ կարող է ակնկալել Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի եզրակացությունից:
Վարդապետյան․ - Նախնական կարծիքից ՄԻԵԴ-ի կարող է ակնկալել բարձր դատարանը նախնական կարծիք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոնկրետ հոդվածի շրջանակներում: Ակնկալել, որ Եվրոպական դատարանը պետք է Սահմանադրական դատարանի նման գործառույթ իրականացնի, ճիշտ չէ: Եվրոպական դատարանը պետք է քննի կոնկրետ հարցադրման և Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի համապատասխանության հարցը:
«Նման ծավալների անօրինականությունները չէին կարող հենց այնպես տեղի ունենալ»
«Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր նաև Յուրի Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Գրիգորյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանը պետք է 1 միլիո 608 հազար եվրո վճարի Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա՝ Բուզանդի 13 հասցեում գտնվող տունը այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի օրոք փոխանցվել է պետությանը: Եվրոպական դատարանի այդ որոշումն աննախադեպ է, քանի որ այդ գումարն ավելի է, քան մինչ օրս Հայաստանի դեմ Եվրոդատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը:
Սերգեյ Գրիգորյան․ - Էդ ամբողջ տարածքը իրացվել է տարբեր, իհարկե, կառուցապատողների կողմից, բայց և այնպես, մենք գիտենք, որ շահառուն մեկն է եղել, և այս ամբողջ պրոցեսը ինքը նաև ուղեկցվել է կոռուպցիոն դրսևորումներով, և էն ծավալները անօրինականությունների, նաև դատարանում տեղի ունեցող կոռուպցիոն սխեմաները, որոնք որ իրագործվել են դատավորների միջոցով, նրանց գործիք դարձնելու միջոցով, իհարկե, չէր կարող հենց էնպես տեղի ունենալ: Էս ամենաթողությունը իրականում կարող էր տեղի ունենալ, ես հիշեցնեմ, որ սա մեղադրյալ նաև Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում է տեղի ունեցել, և չէր կարող ուղղակի էս ամենը տեղի ունենալ, նաև՝ հենց ուղիղ մեղադրյալ Քոչարյանի իմացությամբ:
Եվ հետևապես, եթե խոսում ենք նրանց հետապնդած շահույթի մասին, ապա և նաև էն կտրվածքով եթե մենք նայենք, որ հարյուրավոր մարդկանց փոխհատուցումը ուղղակի ծիծաղելի ցածր է եղել, և ըստ էության նրանք որևէ փոխհատուցում չտալու դիմաց էս տարածքները սեփականաշնորհել են և օգտագործել են իրենց շահերին, ապա մենք շատ մեծ թվերի մասին և շատ մեծ շահույթների մասին կարող ենք խոսել, որոնք որ ունեցել են էն կազմակերպությունները, որոնք զբաղվել են կառուցապատմամբ, և էն անձինք, որոնք որ իրականացրել են էս ամենը, և նրանց իմացությամբ, նրանց թողտվությամբ՝ պաշտոնատար անձանց մասին է խոսքը նաև:
Մենք կարող ենք հստակ նշել, որ փոխհատուցումները, եթե եղել են համաձայնություններ, և փոխհատուցում է տրամադրվել, ապա դրանք եղել են չնչին գումարներ: Եթե չի եղել փոխհատուցում, և մարդիկ ընտրել են պայքարի ճանապարհը, ապա նրանք ընտրել են երկար պայքարի ճանապարհը և բազում դեպքերում հաջողության են հասել, իհարկե: Եվ մենք ունենք նաև էս դեպքը, որը որ այն ցցուն դեպքն է, որը որ ցույց է տալիս, թե ինչպիսի իրավիճակում է գտնվել Հայաստանը դեռևս մեկ տարի առաջ, և էս անօրինականությունների հետևանքով էսօր փաստացի ստիպված են քաղաքացիների հարկ վճարելու արդյունքում ձևավորված միջոցներից վճարում կատարել:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 28-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․