Մատչելիության հղումներ

«ՍԴ այսօվա որոշումները չեն կարող լեգիտիմություն ունենալ». Նիկոլայ Բաղդասարյան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակին, նախ նշեց՝ այսօրվա Սահմանադրությունը չի համապատասխանում իրական կյանքին։

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նվազագույնը երեք դատավորներն, ըստ Սահմանադրության, պետք է լինեն դատավորներ, ասաց Բաղդասարյանը՝ պնդելով՝ փաստացի այսօր չկան այդ դատավորները Սահմանադրական դատարանում, և դա, ըստ նրա, արդեն ՍԴ-ում ճգնաժամի մասին է խոսում։

«Անհասկանալի իրավիճակ է՝ եթե իրավաբանը վերցնում է Սահմանադրությունը և այնտեղ կարդում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատավորը նվազագույնը պետք է լինեն դատավորներ, իսկ փաստացի մենք չունենք այդ դատավորները Սահմանադրական դատարանում, դա արդեն ճգնաժամի մասին է խոսում», - ասաց Բաղդասարյանն՝ ընդգծելով. - «Սահմանադրական դատարանի դատավորներն, անդամները պետք է ժամանակին այս հարցը բարձրացնեին, որ մեր Սահմանադրությունը չի համապատասխանում մեր իրական կյանքի հետ, հետևաբար այս անհամապատասխանությունը թողնե՞նք այդ ժամկետներում. ժամկետներն այնպես են, որ պետք է սպասենք մինչև դատական իշխանությունը ձևավորի, նոր դատավորի թեկնածու առաջադրվի, որը նորմալ չէ՝ անցումային դրույթները կարող են տևել մեկ տարի, կես տարի, բայց ոչ թե տարիներով տևել, և այնտեղի Սահմանադրական դատարանի անդամները կամ պրոֆեսիոնալ իրավաբանները սա պետք է գիտակցեն։ Ի՞նչ է նշանակում անգիտակից մոտեցում և այսպիսի անփույթ մոտեցում Սահմանադրության վերաբերյալ»։

Օրերս Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանն էր, սակայն, դատավոր ընտրվելուց հետո հրաժարվել էր այս գործից: Վահե Գրիգորյանը ընտրվելուց հետո հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է գնում դատարանի նախագահի լիազորություններով, քանի որ այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, իսկ վերջինս բացակայում է աշխատանքից:

Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում որոշեց վարույթ ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականությունը քննելու Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գործի դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 29-ին:

Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ, ՍԴ այսօվա որոշումները չեն կարող լեգիտիմություն ունենալ։

«Իրենք սկսում են վարույթ ընդունել մինչդատական շրջանում բերված բողոքներն, այն պահից, երբ որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն են բողոք ներկայացնում։ Ինչո՞ւ ժամանակին Նիկոլայ Բաղդասարյանի բողոքները չեք ընդունել, Վահե Գրիգորյանի բերած բողոքները չեք ընդունել, մերժել եք՝ ասելով, որ «սա մինչդատական վարույթին վերաբերող բողոքներ են», հենց որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք բերեցին, էդ նույն հիմքով ընդունելի է։ Այստեղ ակնհայտ է, որ շահագրգռվածություն կա իրենց կողմից, և ինձ թվում է, որ պետք է հակառակ համամասնությամբ դիտարկեին իրենք՝ չմասնակցելու էդ գործով», - ասաց փաստաբանը։

Հունիսի 27-ին Բարձր դատարանը հրապարակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում, ըստ որի, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը։

Ըստ որոշման, Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG