Պաշտոնական մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի սպանությունների գործով առաջին կասկածյալին՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին:
Բացահայտումները հերթով գալու են, Պետրոսյանի բացահայտումը կոնկրետ սպանության դրվագով շատ կարևոր էր, ասում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր․
Անդրանիկ Քոչարյան․ - Բացահայտումները հերթով գալու են, և Գեղամ Պետրոսյանի բացահայտումը կոնկրետ սպանության դրվագով շատ կարևոր էր, որովհետև կգան արդեն հերթով «Չերյոմուխա»-ի կիրառման, ապօրինի հրամանների արդյունքում կիրառման բացահայտումները՝ սպանությունները կոնկրետ ում կրակոցից եղած պետք է լինի, կգա նաև մյուս սպանությունների բացահայտումը: Սա բարդերից մեկն էր, որովհետև սա եթե հայտնաբերվել է, նշանակում է՝ արդեն ի հայտ են եկել այն մարդիկ, որոնք ականատես են եղել գոնե, որովհետև փորձաքննությամբ սա հնարավոր չէր ապացույց ձեռք բերել, որովհետև փորձաքննության ենթակա իրեղեն ապացույցները փոխել են, և փոխողը էսօր փախուստի մեջ է գտնվում, և նա էլ պետք է գա և նախ ինքն էլ ցուցմունք տա, թե կոնկրետ ում հրահանգով իրենք պարկուճները և իրեղեն ապացույցները ենթարկեցին փոփոխության:
Շատ հարցեր կան, և լիարժեք բացահայտումն է, որ հասարակության մեջ Մարտի 1-ի թեման կփակի:
«Ազատության» հյուրն անդրադարձավ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի առաջիկա գործունեությանը, որի ղեկավարն է ինքը․
Անդրանիկ Քոչարյան․ - Եթե մենք ում որ պետք է լսենք, նախ պետք է լսենք փակ դռների հետևում, մենք պետք է աշխատենք փակ ռեժիմով, որովհետև բոլորը սպասում էին, որ կամերաները միացրած, բոլորը էկրանների առաջ, ոնց որ ամերիկյան ֆիլմերում, նստած նայելու են, թե ոնց է հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կանչում, հարցեր տալիս, հետո՝ մյուսին, հետո՝ մյուսին, նրանք ինչ-որ հարցերի կարողանում են պատասխանեն, ինչ-որ հարցերի՝ ոչ․․․ Բնականաբար, բոլոր պաշտոնյաները՝ նախկին, թե ներկա, որոնք առնչություն ունեն այս հարցերի պարզաբանմանը, մենք հրավիրելու ենք, բայց նրանք կարող են չգան, բայց էստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է չգան:
«Ազատություն»․ - Այ լիազորությունները հանձնաժողովի՝ ի՞նչ լիազորություն կա:
Քոչարյան․ - Լիազորությունը նրանց հրավեր ուղարկելն է, իսկ նրանց գալը պետք է լինի՝ հաշվի առնելով այս հարցի հանրային հնչեղությունը, պահանջները՝ պահանջը և՛ Հայաստանում է, և՛ Արցախում է: Ինքներդ էլ գիտեք՝ երբ որ ասում են, որ հանկարծ սա չվնասի Արցախի անվտանգությունը և այլն, բայց մենք գիտենք, որ նաև էդպիսի պահանջ կա Արցախում, Արցախում էլ այդ հարցականները միշտ հնչեցվել են: Եվ ես համոզված եմ, որ Արցախի իշխանությունները և Արցախի հատկապես զինվորական իշխանությունները իրենք էլ շահագրգռված են՝ մեր զինական ուժը ամբողջությամբ կարգի բերել, եթե էդպիսի խնդիրներ կան, և էս հանձնաժողովը էդ կարևոր գործիքներից մեկն է: Մենք նորից մեր բանակը, մեր անվտանգության ամբողջ համակարգը՝ Երևանից մինչև առաջնագիծ, բերենք էնպիսի վիճակի, որ մենք միշտ պատրաստ լինենք ցանկացած գործողությունների, էդպիսի հարցականներ երբեք չլինի, որ հանկարծ տանկի մեջ կարող է որակյալ վառելիք չլինի, կամ, չգիտեմ, տեխնիկայի մեջ վառելիքի փոխարեն ջուր լինի, կամ որևէ հրամանատար կարող է պատրաստ չլինի համապատասխան հրամանները իջեցնելու և այդ հրամանների շրջանակներում իրականացնի պաշտպանական գործողություններ: Այսինքն, մենք բազմաթիվ խնդիրներ պետք է, եթե կան, ի հայտ բերենք, և դրանք բացառելու ճանապարհով մենք անպայման կուժեղացնենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
Վերջին հրաժարականների ու վեթինգի մասին․
Անդրանիկ Քոչարյան․ - Բարձրագույն դատական խորհուրդը երբ որ ստեղծվում էր, Գագիկ Հարությունյանը և իր աշխատակազմը պետք է այդ բարեփոխումները արդեն սկսած լինեին մեկ տարի առաջ: Արտակ Զեյնալյանը պետք է ինքը՝ որպես արդարադատության նախարար, ինքը խթաներ այդ համակարգի գործողությունները, և գուցե այդ էր պատճառը, որ ընդունեցին, որ մեկ տարվա ընթացքում որևէ լուրջ բարեփոխումներ դատաիրավական համակարգում տեղի չեն ունեցել, արդեն եկավ էն պահը, որ եթե իրենք ներսից չեն կարողանում, իշխանությունը չէր կարող հանդուրժել այն վիճակը, որը տիրում է այդ համակարգում, և, ըստ էության, ինքը հայտարարեց, որ վեթինգի ճանապարհը գուցե այն օպտիմալ ճանապարհը պետք է լինի, որ դատավորներին փոխելով, զտելով մենք կսկսենք գործընթաց դրա առողջացման:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 9-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․