Մատչելիության հղումներ

Ավելի լավ է ունենալ ուշացած անցումային արդարադատություն, քան՝ ձախողված. ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ


Ավելի լավ է ունենալ ուշացած անցումային արդարադատություն, քան՝ ձախողված, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին, թե բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց ինչո՞ւ այսքան ուշ, «այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե չլիներ դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը, այս հարցն այսքան հրատապ չէր դառնա», Վարդանյանն այսպես պատասխանեց. - «Հավատացնում եմ Ձեզ, որ անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում լսումները նախատեսված էին շատ ավելի վաղ, քան Ձեր կողմից մատնանշված իրադարձությունների վրա հասնելը, և ես չեմ մտածում, որ մենք այստեղ հապաղել ենք, որովհետև մոտեցումն այն ժամանակ էլ, այս պահին էլ հետևյալն է՝ ավելի լավ է ունենալ ուշացած անցումային արդարադատություն, քան ձախողված անցումային արդարադատություն։ Այս տեսանկյունից չեմ կիսի Ձեր գնահատականը, որովհետև աշխատանքները տարվում էին։ Անցումային արդարադատության հետ կապված լսումները մենք մոտավորապես ամիս, ամիսուկես առաջ նախաձեռնեցինք Ազգային ժողովում, հստակեցրեցինք ձևաչափը, հրավիրեցինք մասնակցելու հասարակական տարբեր կազմակերպության ներկայացուցիչներին, քաղհասարակության ինստիտուտներին, հրավերք էր ուղղված նաև դատական իշխանության ներկայացուցիչներին, նրանք ներկա էին նաև լսումներին, բավականին ակտիվ, և սա մի գործընթաց է, որը որևիցե եղանակով չի կարելի կապել այդ իրադարձության հետ, պատճառահետևանքային կապ նույնիսկ եթե կա, դա պատահական է»։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անկախ դատական իշխանություն ունենալու համար շատ մեծ ջանքեր ներդնել պետք չէ։

«Անկախ դատական իշխանություն ապահովելու համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական կամք, ինստիտուցիոնալ և օրենսդրական համապատասխան լուծումներ և որոշակի երաշխիքներ։ Մենք այստեղ հապաղելու տեղ չունենք, մենք ունենք սխալվելու հնարավորություն, սա մեկ շանս է, մենք չենք կարող ունենալ ձախողված անցումային արդարադատություն, հետո ևս մեկ անգամ դիմենք անցումային արդարադատությանը։ Մի հատ էլ կարևոր շեշտադրում, եթե թույլ տաք․ շատ դեպքերում մարդկանց թվում է, որ անցումային արդարադատության գործիքակազմը կիրառելի է միայն երրորդ աշխարհի երկրների նկատմամբ, պետք է նշեմ, որ ոչ, ցանկացած պետություն կարող է կանգնել անցումային արդարադատության խնդրի առջև, որովհետև դա որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների գնահատումն է, այսինքն՝ մենք գործ ունեք իրադարձությունների հետ և իրավիճակ պետք է ստեղծենք, որպեսզի մենք կարողանանք վերականգնողական արդարադատության միջոցով անցում կատարենք սխալից դեպի ճիշտ», - ասաց Վարդանյանը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG