Չպետք է բացառել, որ այն պահն էլ հասունանա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն դիմի Ադրբեջանի ժողովրդին, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն ընդգծեց՝ այն միջավայրը, որն այսօր Հայաստանում ստեղծվել է, ավելի մեծ վստահություն է ստեղծում, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի ինքնավստահ քայլել և նաև միջազգային քաղաքականություն վարել։
«Կարող է ոչ միայն թարգմանչի միջոցով դիմել, հնարավոր է այսպիսի տարբերակ էլ՝ հնարավոր է նաև ադրբեջաներենով դիմի, եթե այսքան կարճ ժամանակում այլ լեզուներ է սովորել, հնարավոր է նաև այդ տարբերակը, բայց, ինչ վերաբերում է ժողովուրդների հետ խոսելուն, դեռ այդ պահը չի հասունացել, բայց հնարավոր է, որ այդ պահն էլ հասունանա, չպետք է բացառել նման տարբերակը, որովհետև այն միջավայրը, որը Հայաստանում է ստեղծվել և այն ամբողջ կառավարման համակարգը, որը Հայաստանում է, ավելի մեծ վստահություն է ստեղծում, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի ինքնավստահ քայլել և նաև միջազգային քաղաքականություն վարել», - ասաց Անվտանգութան խորհրդի քարտուղարը։
Նրա համոզմամբ, սա լիդերների մակարդակով կամ երկրի առաջնորդների մակարդակով լուծվող խնդիր չէ։
«Երբ որ ասում են «ժողովուրդներն էլ պետք է դրան պատրաստ լինեն», բոլորը հասկանում են, որ մեկ մարդ չկա և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, որ կկարողանա այս հարցին լուծում տալ, նույնիսկ մարդկանց խումբ, քաղաքական ուժ էլ չկա, որը կկարողանա առանց հանրության աջակցության որևիցե լուծում տալ, դրա համար էլ խոսվում է նաև, որ լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և՛ Բաքվում։ Սա շատ կարևոր է բոլորի համար։ Եվ այս մեսիջները պարբերաբար տրվում են Երևանից և ակնկալիք կա, որ Բաքուն ևս կսկսի խոսել սրա մասին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ստեփանակերտում, նաև Երևանում, և այս առումով ահագին մեծ փոփոխություն է նաև հռետորիկայի մասով և դրական ազդեցություն է ունենում այս ամեն ինչը», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին մոտ 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հակամարտող ժողովուրդներին խաղաղության նախապատաստելու միջազգային հանրության այն կոչերի մասին, թե Հայաստանի վարչապետը պետք է աշխատի հայ հանրության, Ադբրբեջանի նախագահը՝ ադրբեջանական հանրության հետ․ - «Ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում, և Ադրբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղությանը նախապատրաստելու գործում: Օրինակ, ինձ հետաքրքիր է, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի և Հայաստանի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող ա նրանց հետ խոսալ: Ես, օրինակ, անկեղծ որ լինեմ, շատ բան ունեմ ասելու Ադրբեջանի հանրությանը, և շատ գոհ կլինեի, եթե էդպիսի հնարավորություն ստեղծվեր»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ