Մատչելիության հղումներ

«1998-ին Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտելով մասնակցեց ընտրություններին». Անդրանիկ Քոչարյան


Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ 1998 թվականին իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտելով ինչ-որ տեղեկանք ձեռք բերեց և դրանով մասնակցեց ընտրություններին։

«Որևէ մեկը կասկածո՞ւմ է 1998 թվականի ընտրությունների մասին, այն պատկերացումները, որ հնչեցված է այդ փաստաթղթում։ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի մասին որևէ տեղ, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ այնտեղ ինչ-որ բան այն չի։ Ես տոկոսները չեմ կարող ասել, այդ պրոցեսի մեջ ես ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, բայց ես մի բան գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ իր թեկնածությունը դներ, ինքը՝ Սահմանադրությունը խախտելով, ինչ-որ տեղեկանք ձեռք բերեց և դրանով մասնակցեց ընտրություններին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը թույլ տվեց և չկանխեց, չէ որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը շատ հզոր մարդ էր, պատգամավորը պատասխանեց. - «Այն ժամանակ դեպքերը շատ արագ ստացան զարգացում՝ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ըստ էության սահմանադրական ճանապարհը, որ այդ ճգնաժամից պետք է դուրս գայինք, լինում էր նա, որ պետք է Գերագույն խորհրդի նախագահն իրականացներ այդ լիազորությունները, մինչև որ նշանակվեին նոր ընտրություններ, դրվեին թեկնածություններ, գնայինք, մտնեինք ընտրական պրոցեսի մեջ։ Այդ ժամանակ այնպես տեղի ունեցավ, որ Բաբկեն Արարքցյանը և այն ժամանակ կառավարող ամբողջ քաղաքական էլիտան հրաժարականներ տվեցին՝ մեծամասամբ՝ 90-99 տոկոսով, և այդտեղ առաջացավ նաև երկրում կառավարման ճգնաժամ, և արագության մեջ խնդիրը պետք է լուծվեր, և որպես միջանկյալ տարբերակ, այնուամենայնիվ Գագիկ Հարությունը կարող էր բոլորի կողմից ընկալվել ընդունելի տարբերակ, որպեսզի ճգնաժամը շատ արագ հաղթահարվեր, բայց պրոցեսներն այնպես գնացին, որ այդ տարբերական էլ շատ արագ դուրս եկավ՝ քննարկումների արդյունքում, իսկ քննարկումները շատ սուր էին այն առումով, որ այստեղ սկսեց շահերի բախում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, արդեն հանրապետության վարչապետն էր և ինքը ներկայացնում էր կոնկրետ բուրգ, կոնկրետ խումբ, որը որ լիարժեք չէր ներկայացնում ամբողջ Հայաստանի և Արցախի շահերը, և այստեղ չգիտես ոնց ինքը որոշեց, որ իր թեկնածությունը պետք է դնի, երբ որ ընդամենը ուրբաթ օրը ես գիտեմ, որ Վազգեն Սարգսյանին էլ առաջարկվում էր իր մերձավորների, կամ կառավարության մեջ եղած տարբեր անհատների կողմից, որ դու պարտավոր ես դնել քո թեկնածությունը, որովհետև այդպիսի ճգնաժամային վիճակում երևի ուժեղ անհատի խնդիր կար, և Վազգեն Սարգսյանը ոնց որ թե ուրբաթ օրը համաձայնվել էր, ուրբաթը շատ լավ եմ հիշում, որովհետև բոլորս իր հետ որոշակի կոնտակտներ ունեինք և ինքը կառավարության շենքից դուրս եկավ շատ հոգնած, ասեց՝ «ամեն դեպքում պայմանավորվեցինք, որ ես էլ եմ դնում, Ռոբերտ Քոչարյանն էլ է դնում և ընտրությունների արդյունքում կտեսնենք, թե ժողովուրդը ոնց կկողմնորոշվի»

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, սակայն օրեր անց այլ քննարկում եղավ և Վազգեն Սարգսյանն այլ բան հայտարարեց։

«Բայց երկուշաբթի տեղի ունեցավ այլ քննարկում ևս և այնտեղ հայտարարեց Վազգեն Սարգսյանը, որ գնում ենք այս ճանապարհով՝ Ռոբերտ Քոչարյանը կդնի իր թեկնածությունը, մենք կպաշտապնենք։ Ես չեմ կիսել այդ տեսակետը և այդ տեսակետը չեն կիսել Վազգեն Սարգսյանի մերձավորներից շատ շատերը։ Բայց ես վերջերս իմ հարցազրույցում նաև մեկնաբանեցի, թե Վազգեն Սարգսյանի որոշման հիմնական, խորքային պատճառը որն էր՝ Հայաստան-Արցախ, Վազգեն Սարգսյանը չէր կարող թողնել, որ միջանձնային այս կոնֆլիկտը, կամ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունները բերեին ճգնաժամի, Արցախի ու Հայաստանի միջև տրամադրությունների փոփոխության», - ասաց պատգամավորը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG