«Տնտեսական հեղափոխություն ասելով նկատի ունենք տնտեսության որակի, կառուցվածքի, ցուցանիշների արմատական փոփոխություն», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, նշելով` տնտեսական հեղափոխության հասնելու համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, մասնագիտական որակներ ու աշխատանք։
«Այսինքն՝ հեղափոխություն բառը, երբ որ ասում են, որ տնտեսության հետ անհամատեղելի է, որոշ առումով հասկանում եմ էդ կարծիքը, բայց մենք նկատի ունենք զուտ մասշտաբը, արագությունը և որակը։ Ինչպե՞ս ենք դրան հասնելու՝ դրա համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, մասնագիտական որակներ ու աշխատանք: Դրա ամենալավ գործիքներից մեկը Հարկային օրենսգիրքն է. եթե դու չունես նորմալ հարկային միջավայր, հարկային օրենսդրություն, տնտեսությունը չի զարգանալու, ինչքան էլ դրա մասին խոսենք, ինչքան էլ ցանկանանք», - ասաց Թունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միկրոբիզնեսը կազատվի հարկերից։ Թունյանը նշեց՝ սա այն դրույթներից է, որը բոլորի կողմից դրական է ընկալվում։
«Ի՞նչ է դա նշանակում՝ որ տարեկան մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ազատվում են հարկերից, իհարկե, կան գործունեության տեսակներ, որտեղ այդ դրույթը չի տարածվի, բայց փոքր խանութները, կամ անհատական ծառայություններով զբաղվող օբյեկտները կընկնեն այդ ռեժիմի տակ, և նրանք շրջանառության հարկ կամ ավելացված արժեքի հարկ չեն վճարի։ Այսինքն՝ պետությունը դրանով ուզում է նախ ցույց տալ, որ ինքն էդ մարդկանց հաշվին բյուջեն չի ուզում կատարել, այսինքն՝ այդ սեգմենտը ֆիսկալ խնդիր՝ հարկաբյուջետային խնդիր չի լուծում, այլ սոցիալական խնդիր է լուծում՝ մարդիկ իրենք իրենց գլուխը պահում են, և երկրորդը՝ դա հնարավորություն է տալիս, որպեսզի սկսնակ գործարարները կարողանան կայանան, հասնեն մի որոշակի զարգացման փուլի, նոր դրանից հետո մտնեն նորմալ հարկային դաշտ», - ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը։
Հարցին, թե ներդրողները ե՞րբ կգան Հայաստան, Թունյանը պատասխանեց. - «Ներդրումները կգան այն ժամանակ, երբ ներդրողներն ամբողջությամբ համոզված կլինեն, որ մեզ մոտ խաղի կանոններն արդեն պարզ են։ Ներդրողների համար ամենակարևոր բաներից մեկը որոշակիությունն է։ Մենք ասում ենք՝ մրցակցային նորմալ միջավայր, օրենքի գերիշխանություն, դա կարևոր է, բայց, օրինակ, կան ներդրողներ, որոնց համար շատ ավելի ձեռնտու է աշխատել ինչ-որ կոռուպցիոն միջավայրում, բայց որտեղ խաղի կանոնները պարզ են։ Այդ առումով որոշակի դադար կա, անցած տարվանից դեռ այդ դադարը կար, որովհետև ներդրողներն ամենազգուշավոր խավն են և նրանք սպասում են, մինչև ամեն ինչ իրենց համար հասկանալի կլինի»։
Թունյանը միայն մրցակցային միջավայրը բարելավելով ներդրումներ ունենալու հույսը միամտություն է համարում։
«Այստեղ պահանջվում է նաև պետության կողմից ինտենսիվ աշխատանք։ Այսինքն՝ մեզ մոտ բոլոր կարող ուժերը պետք է զբաղվեն պոտենցիալ ներդրողների հետ աշխատանքով՝ ցույց տան, թե Հայաստանում որտեղ կարելի է գումար ներդնել, ինչ ոլորտներին կարելի է ուշադրություն դարձնել, որտեղ ինչ հեռանկարներ ու ինչ շահութաբերություն կա, և, բացի դրանից, հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն օտարերկրյա ներդրողներին, այլև՝ ներքին, որովհետև, որովհետև մենք այսօր Հայաստանում, որքան էլ զարմանալի լինի, ունենք բավականին մեծ ծավալի ազատ ռեսուրսներ, այսինքն՝ մենք ունենք, տարբեր գնահատականներով, մոտ մեկ միլիարդ դոլարի չափ լրացուցիչ իրացվելիություն, այսինքն՝ դա փող է, որը բանկային համակարգում կուտակված է, որը կարող է ուղղվել տնտեսությանը», - ասաց Թունյանը։
Բաբկեն Թունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․