Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» կարող էր տարբերվել նախորդ իշխանություններից. Մանե Թանդիլյան


«Իմ քայլը» կարող էր տարբերվել նախորդ իշխանությունների պահվածքից և ընտրության տրամաբանությունից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությունները։

Թանդիլյանն ասաց՝ «դա լավ տեղ չի տանի» և կուզենար, որ «Իմ քայլը» դա ժամանակին գիտակցեր»։

«Մենք առաջադրել էինք փոխխոսնակի պաշտոնին թեկնածություն առ այն, որ սա շատ իրատեսական էր, այսինքն՝ ըստ էության, իշխանությունն ընտրում էր ընդդիմադիր խմբակցություններից, այլ ոչ իր թեկնածուին, հետևաբար մենք բացարձակ իրատեսական և տեղին ենք համարել այդ առաջադրումը, դա չի եղել ինքնանպատակ, այլ բովանդակային և իմաստալից։ Հետևաբար, մենք ակնկալում էինք այդ ընտրությունը։ Հետո արդեն հնչած հայտարարություններից պարզ էր դառնում իշխանության կայացրած որոշումը, և ես շատ կուզենամ այստեղ հստակ լինենք՝ սա «Իմ քայլը» խմբակցության ընտրությունն է, որովհետև, ըստ էության, ժողովուրդը պատվիրակել էր իրենց ընտրելու ընդդիմադիր փոխխոսնակ, ինչպիսի ընտրություն կատարեցին իրենք, մենք տեսանք, ամենքս ունենք մեր կարծիքը։ «Լուսավոր Հայաստան»-ն ունեցավ նաև հնարավորություն առաջադրելու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը և ընտրվեցի», - ասաց Թանդիլյանը՝ շարունակելով. - «Իրականում իրենք կարող էին տարբերվել նախորդ իշխանությունների պահվածքից և ընտրության տրամաբանությունից, որովհետև իրենք նույն տրամաբանությամբ էին մեկնաբանում իրենց ընտրությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի, ինչպես որ նախկինում Հանրապետականը, հետևաբար այդ միտումը՝ տալ մինիմալ հասանելիքը և ոչինչ ավելին, իրականում ես կարծում եմ, որ լավ տեղ չի տանի և ես կուզենամ, որ իմ գործընկերները ժամանակին դա գիտակցեն»։

Հունվարի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունները։ «Լուսավոր Հայաստան»-ն այդ պաշտոնում առաջադրել էր Թանդիլյանի թեկնածությունը։ Քվեարկությունից մեկ օր առաջ խորհրդարանում ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ քվեարկելու է ԲՀԿ-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին՝ պարզաբանելով. - «Ընտրելու են այն ընդդիմությանն, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ, քան մյուսին»։ Խորհրդարանի փոխխոսնակներ ընտրվեցին «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը։

«Արհեստածին թեզ է, որ մենք և ԲՀԿ-ն հակամարտություն ունեն»։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև հարաբերություններին՝ Թանդիլյանն ասաց՝ արհեստածին թեզ է, որ իրենք և «Բարգավաճ Հայաստան»-ը որևէ անձնական կամ երկու կուսակցություններով հակամարտություն ունեն։

«Մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել ենք հասցեական՝ սկզբունքի մասով, մենք խոսում ենք այն մասին, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է լինեն հստակ տարանջատված, որովհետև այստեղ կա շահերի բախում։ Հիմա «Լուսավոր Հայաստան»-ն ի՞նչ մեղավոր է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի մեծ մասը սեփականատերեր և բիզնեսմեններ են, ովքեր ներգրավված են քաղաքականության մեջ», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ շարունակելով. - «Մենք խոսում ենք դիվանագիտական ինստիտուտի չկայացվածության մասին և «Լուսավոր Հայաստան»-ն այստեղ ևս մեղավորություն չունի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ևս կան պատգամավորներ, ում հարազատները և կապերը տանում են դեպի ոչ պրոֆեսիոնալ դիվանագետներ, և թվարկվեց խնդիրը և պատճառը, թե ինչու ենք այդպես խոսում։ Այսինքն՝ խնդիրը մեզ համար համակարգային է»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG