Մատչելիության հղումներ

«Իրենց քվեի ուժը լիովին գիտակցող քաղաքացիները հաշվետու են պահելու մեզանից յուրաքանչյուրին». Մակունց


Կառավարման այն համակարգը, որ հիմա ունենք, ձևավորվել է հենց քննադատողների կողմից՝ նախկին իշխանությունների կողմից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարի հավանական թեկնածու Լիլիթ Մակունցը։

Նրա համոզմամբ, ցանկացած իշխանություն կարիք ունի ընդդիմության։

«Իրականում խորհրդարանական հանրապետության տրամաբանությունն է թելադրում, որ մեկ ուժ կազմելու է մեծամասնություն։ Ինչ վերաբերում է քաղաքական մենաշնորհներին, ես այդ կարծիքը չեմ կիսում, հիմա ասեմ ինչու՝ մեր դիրքորոշումն այն է և մենք եկել ենք հենց այդ արժեքային հենքով և այդ տրամաբանությամբ, որ ցանկացած իշխանություն կարիք ունի ընդդիմության, կարիք ունի հակառակ տեսակետը լսելու, տեսակետների բախումներ պետք է լինեն», - ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե «ժողովուրդը հիմա ուզում է, որ դուք լինեք իշխանություն և դուք ունենաք բացարձակ մեծամասնություն և կրեք ողջ պատասխանատվությունը ձեր որոշումների։ Դուք չեք ընտրել բացարձակ մենաշնորհ, Ձեզ դա ժողովուրդն է տվել», Մակունցն այսպես արձագանքեց. - «Իհարկե մենք պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, և շատ պարտավորեցնում է այն մանդատների քանակը, որը մենք ստացել են, բայց միևնույն ժամանակ ժողովուրդն, ով մեզ տվել է այդ մանդատը, լինելու է առաջին քննադատողների դիրքերում և զգոն են պահելու նաև հենց իրենք մեզ։ Այսինքն՝ մենք մի կողմից ունենք ընդդիմություն խորհրդարանում, մյուս կողմից ունենք արդեն ձևավորված քաղաքացիական հասարակություն, ունենք քաղաքացիներ, ովքեր իրենց կամքով ազատ, արդար ընտրությունների արդյունքում պատվիրակել են մեզ խորհրդարան, և հետևաբար նաև իրենք գիտակցում են իրենց քվեի ուժը և պահելու են մեզ պատասխանատու, հաշվետու»։

Հարցին, թե չի՞ բացառում, որ եթե սխալ անեն, ժողովուրդը կգա խորհրդարանի դեմ և կբողոքի, գուցե հենց վարչապետը նրանց բերի խորհրդարանի առաջ», Մակունցը պատասխանեց. - «Գիտեք ես վստահ եմ կլինեն դեպքեր, որ հասարակությունը, հասարակական առանձին շերտեր, քաղաքացիական հասարակությունը տարբեր երևույթների, տարբեր հարցերի հետ կապված կներկայացնի իր դիրքորոշումը և իրենց հիմանավորումները, և բնականաբար մենք նաև ականջալուր ենք լինելու այդ քննադատություններին և կանենք հետևություններ, բնականաբար այդպես լինելու է։ Այնպես որ մի կողմից դուք ասում եք, որ մենք մեծամասնություն ենք, բայց այդ մեծամասնության համար բոլորովին հեշտ չի լինելու հենց այդ առումով, որովհետև քաղաքացիները, ովքեր լիովին գիտակցում են իրենց քվեի ուժը, հաշվետու են պահելու մեզանից յուրաքանչյուրին»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG