Մատչելիության հղումներ

Նախընտրական բանավեճ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի և «Սասնա ծռեր»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի միջև


Ծիծաղելի է խոսել, որ Հանրապետական կուսակցությունը կարող է լինի քաղաքական ուժ, երեկ «Ազատության» «Ազատության բանավեճ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը՝ նշելով, թե նույնիսկ իր մասնակցած կոնֆերանսի մասնակիցներն են արձանագրել՝ Հայաստանում Հանրապետական կուսակցությանն «ատում են»։

Ասել, որ Հայաստանում ատելության խոսք կա, դա վնաս է պետությանը, արձագանքեց Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ նշելով, թե հանրապետականներն աջակիցներ ունեն, ուղղակի նրանք վախենում են այդ մասին բարձրաձայնել։

Գևորգ Սաֆարյան. - Վերջերս ես մասնակցում էի մի կոնֆերանսի, որտեղ խոսվում էր ատելության խոսքի մասին, և գրեթե բոլորը ֆիքսեցին՝ Հայաստանում Հանրապետական կուսակցությանն ատում են։ Էդ կուսակցությունը 30 տարի էս ժողովրդի գլխին էն օրն է բերել, որ Հայաստանում ՀՀԿ-ին... ատելությունն էդ խոսքը չի, և եթե չլիներ էսպես թավշյա իրավիճակ, ես անգամ չեմ պատկերացնում, թե ժողովուրդն ինչեր կարող էր անել։ Դրա համար եմ ես ասում՝ ծիծաղելի է խոսել, որ ՀՀԿ-ն կարող է լինի քաղաքական ուժ, կամ ընդդիմություն, կամ այդպես ինչ-որ մի բան։

Մամիջանյան. - Նախ հակառակն ես անում՝ ինքդ քեզ վնաս ես տալիս, Գևորգ ջան, ասելով, որ Հայաստանում ատելության խոսք կա․ դա վնաս է պետությանը, սա՝ մեկ: Երկրորդը՝ քանի որ դու չես ուզում մինչև վերջ բացես փակագծերը, ես քո փոխարեն բացեմ՝ Գևորգը բառացի փորձում է սպառնալ, ասել՝ «գիտես ինչ, որ ձեզ խելոք չպահեք, գոհ եղեք, որ չենք սատկացրել»։

Սաֆարյան. - Գևորգն ընդամենը փոխանցեց քաղաքացիների խոսքը։

Մամիջանյան. - Ո՞ր քաղաքացիների, ով որ էսօր մտել էր իմ շտաբ և ասում էր՝ հանրապետական եք, մարդու չասեք, բայց ես ձեզ հետ եմ, վախենում եմ։

Սաֆարյան. - Ինձ էլ հարյուրավոր, հազարավոր մարդիկ հեռվից մոտենում են, ասում են՝ «հո դուք հանրապետակա՞ն չեք», ինչի մասին է խոսքը։

Մամիջանյան. - Տարբերությունը կայանում է հետևյալում՝ մեր քաղաքական ուժը ո՛չ Գևորգի, ո՛չ մյուս Գևորգի, ո՛չ Մարիայի պես՝ «հա դե ժողովուրդը որոշել է, ո՞նց կարա Հանրապետականը մտնի պառլամենտ», մենք ասում ենք՝ «ժողովուրդ, մենք էս, էս, էս ենք ուզում անել, եթե դուրներդ գա, ձայնը կտաք, կմտնենք, կանենք, չէ՞՝ էլի անելու ենք, բայց ոչ Ազգային ժողովում»: Իսկ մեր գործընկերները, որոնք, չգիտեմ, կոֆեի բաժակ են նայում, թե անձնապես շփվում են երկուսուքանի միլիոն ընտրողների հետ...

Սաֆարյան. - Ոչ, հաղորդակից են ժողովրդի հետ, դուք տարանջատված եք։

Մամիջանյան. - Լուսնի վրա՞ եմ ապրում։

Սաֆարյան. - Հանրապետական կուսակցությունը միշտ տարանջատված է եղել ժողովրդից։ Հանրապետական կուսակցությունն ասում էր, որ «մենք ունենք 700 հազար աջակիցներ», բոլորս թավշյա հեղափոխության ժամանակ չտեսանք էդ աջակիցներին։

Մամիջանյան. - Ուզում էիր առճակատմա՞ն տանեինք։

Սաֆարյան. - Չէ՛, ես ուզում էի գոնե մեկ քաղաքացու աջակցություն տեսնեի։

Մամիջանյան. - Մեկ քաղաքացին ես էի։

Սաֆարյան. - Լավ, հազարի աջակցությունը։ Դու անդամ ես, դու քաղաքացի չես, դու տարանջատված ես։

Մամիջանյան. - Այ սա է լոգիկան՝ «դու անդամ ես, դու քաղաքացի չես»։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG